Վերջերս Լոռու մարզի Ալավերդու համայնքի մի քանի դպրոցներ դիմել են «World Vision» կազմակերպության տեղի բաժանմունքին, խնդրելով աջակցել դպրոցական գրադարաններն անհրաժեշտ գրականությամբ համալրելու գործում: «World Vision»-ին միացել է Երեւանի Ավ.Իսահակյանի անվան գրադարանը եւ Հայաստանի գրողների միությունը: Բարեգործական ակցիան մեկնարկում է մայիսի 13-ին եւ կտեւի մինչեւ հունիսի 8-ը:
Գրքերի ցուցակը բաղկացած է հայ եւ օտարերկրյա դասականների շուրջ 100 անուն գրքերից, որոնց ստեղծագործությունների հիման վրա է կազմված ուսումնական ծրագիրը: Երեք շաբաթվա ընթացքում ակցիայի կազմակերպիչները մտադիր են դիմել Հայաստանի բոլոր գրադարանների եւ հրատարակչություններին անհրաժեշտ քանակի գրքեր հավաքելու համար:
«Հուսով եմ, որ այս ակցիան հաջողությամբ կպսակվի եւ սկիզբ կդնի բոլոր մարզերի գրադարանների համալրմանը»,-ասել է Իվ.Իսահակյանի անվան գրադարանի տնօրենը:-Առաջին հերթին մենք պետք է բոլոր պայմանները ստեղծենք ընթերցանության համար, հետո պահանջենք, որ երիտասարդները գիրք կարդան»:
Ակցիայի շրջանակներում մայիսի 20-ին Իսահակյանի անվան գրադարանում գրական-երաժշտական երեկո կանցնի, որին կմասնակցեն հայ մտավորականության ներկայացուցիչներ եւ հրատարակիչներ: Երեկոյի նպատակն է հետաքրքրել հրատարակիչներին այս ակցիայով եւ նպաստել գրականության նոր հրատարակությունների իրականացմանը:
Ակցիայի ընթացքում մինչ հունիսի 8-ը բոլոր ցանկացողները կարող են մասնակցել գրքերի բարեգործական հավաքին, որոնք «World Vision» կազմակերպության օգնությամբ կստանան Լոռու գրադարանները: