AM
5 July 2024 - 08:57 AMT

Սիմոնյան․ Համամիտ եմ մի շարք մտահոգությունների հետ՝ տարբեր ոլորտներում դեռ որոշ օրենսդրական բացեր կան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ՝ նշելով, որ 29 տարի առաջ ընդունվեց Սահմանադրությունը՝ ամրագրելով ՀՀ բնույթը՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետություն։

Նա նշել է, որ համամիտ է մի շարք մտահոգությունների հետ, որ չնայած Սահմանադրությամբ ամրագրված դրույթներին՝ դեռևս տարբեր ոլորտներում առկա են որոշ օրենսդրական բացեր:

Ուղերձում ասվում է․ «Հուլիսի 5-ին մենք նշում ենք մեր մայր օրենքի՝ Սահմանադրության օրը: 29 տարի առաջ այս օրը մեզանից շատերը, մեր մայրերն ու քույրերը, հայրերն ու եղբայրները համաժողովրդական հանրաքվեով ընդունեցին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը՝ ամրագրելով ՀՀ բնույթը՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետություն ու հռչակելով մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները:

Սահմանադրության 2-րդ հոդվածն ամրագրում է, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Չնայած որոշ կենտրոնների ու խմբերի կողմից պարբերաբար փորձ է կատարվում ժողովրդից խլել իր այս սահմանադրական անքակտելի իրավունքը, սակայն վերջին իրադարձությունները կրկին ի ցույց դրեցին մեր ժողովրդի խոհեմությունը՝ ապացուցելով, որ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին:

Սիրելի՛ հայրենակիցներ, որպես ՀՀ Ազգային ժողովի նախագահ և որպես ժողովրդավարական հստակ ուղեգիծ որդեգրած քաղաքական թիմի ներկայացուցիչ՝ համամիտ եմ ձեզ հուզող մի շարք մտահոգությունների հետ, որ չնայած Սահմանադրությամբ ամրագրված դրույթներին՝ դեռևս տարբեր ոլորտներում առկա են որոշ օրենսդրական բացեր, որոնք հաճախ անհարմարություն, երբեմն էլ՝ օրենքի առաջ պաշտպանված չլինելու զգացում են պատճառում շատերիդ:

Շնորհավորելով Սահմանադրության օրը՝ ուզում եմ կրկին շեշտել ժողովրդավարական ուղով առաջ շարժվելու մեր հաստատակամությունն ու վստահեցնել, որ Ազգային ժողովն իր օրինաստեղծ գործունեության ճանապարհին որևէ ջանք չի խնայելու ձեր կյանքն առավել բարեկեցիկ, արժանապատիվ ու հարմարավետ դարձնելու համար»:

1991 թվականին անկախության հռչակումից հետո Սահմանադրությունն ընդունվել է 1995-ի հուլիսի 5-ի հանրաքվեով, և այդ օրն էլ նշվում է որպես պետական տոն: Սահմանադրության վերջին փոփոխությունը կատարվել է 2015-ին, որով ՀՀ–ն անցել է խորհրդարանական կառավարման: 2024–ի սկզբին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանին նոր սահմանադրություն է պետք։

Ալիևը հայտարարել, է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։ ՀՀ ԱԳՆ–ն, արձագանքելով նրա ելույթին, հայտարարել է, որ ՀՀ սահմանադրությունը և նրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են, և դրա շուրջ դեռևս 2018–ից մեկնարկած ներհայաստանյան քննարկումներին միջամտելու պաշտոնական Բաքվի փորձերը գնահատում է որպես կոպիտ միջամտություն մեր երկրի ներքին գործերին: