AM
5 July 2024 - 10:36 AMT

ԱԺ նախագահ․ ԱՄՆ գործընկերների հետ քննարկել ենք գերիների վերադարձի հարցը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակության հետ հանդիպումից հետո ասուլիսում, շատ արդյունավետ որակելով հանդիպումը, հայտնել է, որ ամերիկացի գործընկերների հետ քննարկել են նաև Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների վերադարձի հարցը։

Կոնգրեսական պատվիրակությանն են ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերություններում տիրող իրավիճակը, նաև՝ հայ-թուրքական հարաբերությունները, հայտնում է Factor.am-ը։

«Ես ներկայացրեցի տարածաշրջանում տիրող իրավիճակը, հայ-ադրբեջանական հարաբերություններում տիրող իրավիճակը և ԱՄՆ-ի աջակցությունն այդ հարաբերություններում և ներգրավվածությունը։ Անդրադարձել ենք նաև հայ- թուրքական հարաբերություններին»,- հավելել է ԱԺ խոսնակը:

Նա հայտնել է, որ կողմերը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցության տարբեր ոլորտներ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակության հետ հանդիպմանը ողջունել է կոնգրեսականների այցը ՀՀ և գոհունակություն հայտնել Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների դինամիկ զարգացման բնույթից: Նա ընդգծել է վերջերս Երևանում անցկացված Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստի անցկացման կարևորությունը և համոզմունք հայտնել, որ երկկողմ համագործակցությունը կշարունակի զարգանալ ու ամրապնդվել:

ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակությունը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի և ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան Լիլիթ Մակունցի ուղեկցությամբ հուլիսի 3-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ և ծաղիկներ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը: