Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակության անդամների հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ Հայաստանը ևս մեկ անգամ վերահաստատում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու վերաբերյալ իր պատրաստակամությունը:
Անդրադառնալով լրագրողի հարցին, թե ինչ պատճառով է ձգձգվում խաղաղության պայմանագրի ստորագրումը` նա ասել է, որ ՀՀ կողմից խաղաղության պայմանագրի ձգձգում չկա, գնդակն ադրբեջանական կողմում է, հայտնում է Արմենպրեսը։
«Հայաստանի Հանրապետության կողմից խաղաղության պայմանագրի մասով որևէ ձգձգում չկա, մենք պատրաստ ենք այն ստորագրել: Կարելի է ասել՝ այդ հարցը, գնդակը գտնվում է ադրբեջանական կողմի մոտ»,–ասել է նա։
Ասուլիսին ներկա ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերն ասել է, որ ԱՄՆ-ն ու իրենց դաշնակիցները պատրաստ են նպաստել Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցություններին, գրում է Panorama.am-ը։
«Հասկանում ենք, որ կան տարբեր դիրքորոշումներ։ Մենք պատրաստ ենք նպաստել, միջնորդել, բովանդակալի քննարկումներին այդ դժվարին, բարդ գործընթացի ընթացքում։ Մենք, անշուշտ, հասկանում ենք, որ Հայաստանի կառավարությունը, ժողովուրդն ունի իր դիրքորոշումը։
Մեր պետքարտուղարությունը, ԱՄՆ ներկայացուցիչը պետք է փորձեն օգնել բանակցային գործըթնացին, բայց լինեն պարզապես միջնորդ, նպաստեն, որ երկու կողմերը գան համաձայնության»,- ասել է ԱՄՆ սենատորը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակության հետ հանդիպմանը ողջունել է կոնգրեսականների այցը ՀՀ և գոհունակություն հայտնել Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների դինամիկ զարգացման բնույթից: Նա ընդգծել է վերջերս Երևանում անցկացված Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստի անցկացման կարևորությունը և համոզմունք հայտնել, որ երկկողմ համագործակցությունը կշարունակի զարգանալ ու ամրապնդվել:
ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակությունը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի և ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան Լիլիթ Մակունցի ուղեկցությամբ հուլիսի 3-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ և ծաղիկներ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը: