AM
8 July 2024 - 08:29 AMT

Երևանը «սմարթ սիթի» կդառնա․ GIS համակարգն ընդլայնվում է

Երևանը կդառնա «սմարթ սիթի», կատարվող ամբողջ աշխատանքն առցանց կերևա՝ տարածատեղեկատվական միասնական GIS համակարգն ընդլայնվում է։ Այդ մասին հայտարարվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, հայտնում է Sputnik Արմենիան։

Երևանի «Կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ընկերության ներկայացուցիչը նշել է, որ այդ համակարգի (Երևանի քաղաքապետարանի գեոպորտալ) ընդլայնման միջոցով հնարավոր կլինի ավելի թափանցիկ ձևով կառավարել քաղաքաշինական թույլտվությունների շերտը կադաստրային ծածկագրերով։

«Ակտիվ քաղաքացի» վերլուծական GIS հարթակում տեղեկության ներմուծման նոր աղբյուրի ինտեգրում է արվել։ Նախկինում տվյալները ներմուծվում էին «Ակտիվ քաղաքացի» բջջային հավելվածի ինտեգրման շնորհիվ։ Այսօր արդեն թեժ գծի համարի (1-05) հետ ինտեգրացիա կա, և 2 տարբեր աղբյուրից տարածական միջավայրում հնարավոր է տեսնել քաղաքային խնդիրները, վերլուծել ու հետևել աշխատանքներին։

Կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի ներկայացուցիչը շեշտել է, որ աղբահանության վերահսկման հարթակի ստեղծման նպատակով որպես առաջին քայլ ստեղծվել է բջջային հավելված։ Այս գործիքով հնարավոր է եղել գրանցել գրեթե բոլոր աղբամանների վիճակը, գործընթացը շարունակվում է։