AM
10 July 2024 - 07:11 AMT

Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգի վերջնական տարբերակը պատրաստ է

Մատենադարանում ներկայացվել է Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգի վերջնական տարբերակը, որը լրամշակվել է՝ հաշվի առնելով մասնագիտական կառույցների առաջարկություններն ու դիտողությունները:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շեշտել է, որ գլխավոր հատակագծի վերջնական տարբերակն ունենալուց հետո պլանավորվում են հանրային մասնակցության բաց քննարկումներ:

Նախագծող International GmbH Architects and Engineers ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը, ներկայացնելով հատակագիծը, նշել է, որ ակադեմիական քաղաքը կառուցվելու է Երևանի 17-րդ թաղամասին հարող՝ մոտ 680 հա տարածքում, որը սահմանակից է Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերին և տրանսպորտային տարբեր միջոցներով կապված է լինելու ինչպես Երևանին, այնպես էլ մարզերին։ Ակադեմիական քաղաքի տարածքում հնարավոր կլինի տեղակայել մինչև 16 բուհ՝ օրենքով նախատեսված մինչև ութ պետական խոշորացված բուհ և մինչև ութ ոչ պետական կամ միջազգային բուհ, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։

«Ակադեմիական քաղաքը, բացի կրթական միջավայրից, 24/7 ռեժիմով հասանելի կենտրոն է լինելու ոչ միայն գիտնականների և ակադեմիական գործունեություն ծավալող անձանց, այլև, առհասարակ, հասարակության տարբեր շերտերի համար: Ակադեմիական քաղաքում տեղակայվելու են նաև մշակութային, սպորտային հաստատություններ, առևտրի կենտրոն և հանրային նշանակության այլ կառույցներ»,- ասել է Թոբիաս Քեյլը:

Նրա խոսքով՝ ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը պաշտոնապես կհաստատվի հաջորդ տարվա վերջին, որից հետո կմեկնարկի արդեն իրականացման փուլը: Առաջին փուլում ակադեմիական քաղաքում կտեղակայվեն հանրային նշանակության կառույցները՝ մարզադաշտը, համերգասրահը, հանրային գրադարանը և այլն: Նախատեսվում է, որ ակադեմիական քաղաքում առաջին կառույցը շահագործման կհանձնվի 2029 թվականին:

Քաղաքում պլանավորվում է կառուցել Ազգային ստադիոն, որը կլինի բազմաֆունկցիոնալ թատրոն-կինոթատրոն-համերգասրահ՝ մինչև 35 հազար հանդիսատեսի համար: Լինելու են հանրային ընդարձակ միջավայրեր՝ մարզական ենթակառուցվածքներ, կանաչ տարածքներ, ջրավազաններ, գրադարաններ։ Կեցության կարիք ունեցող ուսանողների, դասախոսների և հետազոտողների համար կգործեն նաև կացարաններ։

Առաջին փուլով նախնական հաշվարկով ակադեմիական քաղաքում աշխատելու և բնակվելու է մոտ 44,000 մարդ:

Արվեստների կլաստերի շուրջ համագործակցություն է ծավալվել Լոնդոնի արվեստների համալսարանի հետ, որը 6 արվեստի բուհերի միավորման արդյունքում ձևավորված բուհ է: Տեխնոլոգիական կլաստերի մշակման և ակադեմիական քաղաքի կառավարման ուղղությամբ համագործակցություն է սկսվել Մյունխենի տեխնիկական համալսարանի հետ՝ որպես բազմաճյուղ, ստարտափերի ընդգրկուն համակարգ ունեցող կառույց, առաջիկայում պլանավորվում է կրթական կլաստերի շուրջ համագործակցություն մեկնարկել Լոնդոնի համալսարանական քոլեջի կրթական ինստիտուտի հետ։ Ծրագրին իրենց խորհրդատվությամբ և առաջարկներով մեծապես աջակցում է սփյուռքահայ գիտնականների ցանցը (ASOF):

«Ակադեմիական քաղաք» ծրագրով հատկապես հետաքրքրված են մասնավոր ոլորտի, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիաների բնագավառում գործող կազմակերպությունները, որոնք այնտեղ ունենալու են իրենց գրասենյակները՝ ապահովելով գիտելիքի առևտրայնացման շղթան։

Ակադեմիական քաղաքը նպաստելու է «ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով» սահմանված մի շարք կարևորագույն թիրախների ապահովմանը, մասնավորապես նախատեսվում է միջազգային վարկանիշային աղյուսակների լավագույն 500-ի մեջ ունենալ առնվազն չորս բուհ, կրկնապատկել օտարերկրյա ուսանողների թիվը և այլն: