AM
10 July 2024 - 07:31 AMT

Կիրանցով անցնող ճանապարհը հուլիսի 10-ից ժամանակավորապես փակ կլինի

Շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 10-ից երթևեկության համար ժամանակավորապես կփակվի Հ-58 հանրապետական նշանակության ճանապարհի Կիրանց գյուղով անցնող հատվածը, հայտնում է է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

Տվյալ հատվածը վարորդները կարող են շրջանցել Հ-58-Աճարկուտ-Հ-58 ավտոճանապարհով։

Կտրվի լրացուցիչ տեղեկություն։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի հետ սահմանազատման արդյունքում Վրաստան տանող միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածում ադրբեջանական կողմին է անցնում կամուրջը։ Կառավարությունը հայտարարել է, որ նոր շրջանցիկ ճանապարհ պետք է կառուցվի, 2-3 ամիս ժամկետի մասին է հայտարարվել։

Աճարկուտով անցնող ճանապարհը Կիրանց գյուղ գնալու այլընտրանքային ճանապարհ է դառնալու։ Սահմանազատման արդյունքում Կիրանցի տարածքի մի մասը՝ երկու տուն, կամուրջ, դեպի Վրաստան միջպետական ճանապարհի հատված և նախապես 50-ից ավելի հողամասեր, պետք է անցնեն Ադրբեջանին։