AM
10 July 2024 - 08:07 AMT

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովը դատապարտել է Ադրբեջանի գործողությունները ԼՂ-ում

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովը հուլիսի 9-ին ընդունած բանաձևում դատապարտել է 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական ներխուժումը Լեռնային Ղարաբաղ, երկրամասի հայ բնակչության էթնիկ զտումը, հայկական մշակութային ու կրոնական ժառանգության ոչնչացումը, ինչպես նաև իր աջակցությունն է հայտնել Հայաստանի անկախությանը և ինքնիշխանությանը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի ընդունած «Լեռնային Ղարաբաղի հայերի և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերաբերյալ» բանաձևում մասնավորապես ասվում է․

«Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի՝ 2023–ի սեպտեմբերի 19-ի հարձակումը, ավելի քան 100,000 հայերի բռնի տեղահանումը և Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության շարունակական խախտումները՝ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովը կոչ է անում.

Հարգել Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունն իր սահմաններում;

Խստորեն դատապարտում է ադրբեջանական ռազմական ներխուժումը և Ադրբեջանի 2023 թվականի սեպտեմբերի 19-ի հարձակումը, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտումը և հայկական մշակութային ու կրոնական ժառանգության ոչնչացումը;

Աներկբա աջակցություն է հայտնում Հայաստանի անկախությանը և ինքնիշխանությանը;

Աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ հիմնված տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա, ինչպես նաև՝ 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա սահմանների սահմանազատմանը, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը՝ հիմնված ինքնիշխանության, ազգային իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա և այս համատեքստում՝ Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը»։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։