ՊԵԿ-ը մաքսային հսկողությունից թաքցված դեղամիջոցների ներկրման փորձ է կանխել՝ Վրաստանից ՀՀ ժամանած անձը փորձել է ապօրինի ներկրել 6․5 կգ քաշով դեղամիջոցներ, հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։
Oպերատիվ հետախուզության բաժին տվյալներ էին ստացվել այն մասին, որ քաղաքացի Է․Չ-ն իր կողմից շահագործվող տրանսպորտային միջոցով մաքսային հսկողության ներքո գտնվող դեղամիջոցների տեղափոխումը Վրաստանից ՀՀ կազմակերպում է մաքսային հսկողությունից թաքցնելով՝ կիրառելով դեղամիջոցների հայտնաբերումը դժվարացնող եղանակ:
Նշվում է, որ Վրաստանից ժամանելուց հետո ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» անցակետի տարածքում Է․Չ․–ի տրանսպորտային միջոցն ուղեկցվել է մաքսային անցման կետի խորը զննման անգար:
Տրանսպորտային միջոցի բեռնախցիկի և սրահի հետևի նստատեղի բաժանարարի հատվածի հատուկ հարմարեցված վայրից հայտնաբերվել են մաքսային հայտարարագրման ենթակա և մաքսային հսկողությունից թաքցված ընդհանուր 6․5 կգ քաշով դեղամիջոցներ։
Դեպքի առնչությամբ կազմվել է մաքսային կանոնների խախտման արձանագրություն: