AM
10 July 2024 - 13:24 AMT

Փաուեր. Եռակողմ հանդիպմանը Բլինքենի ուղերձն է լինելու՝ կողմերը մեծ ճանապարհ են անցել և մոտ են խաղաղությանը

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը Երևանում ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հուլիսի 10–ին Վաշինգտոնում կայանալիք եռակողմ հանդիպման ժամանակ հետևյալ ուղերձն է հաղորդելու՝ «կողմերն այսքան մոտ են, կողմերը շատ մեծ, անհավանական ճանապարհ են անցել, եթե մտածենք, թե ինչ կետի վրա էին անգամ մեկ տարի առաջ, և այդ խաղաղության համաձայնագիրը ինչ հնարավորություններ կբացի երկու երկրների ժողովուրդների համար», հայտնում է «Ազատությունը»:

Նա ընդգծել է, որ «դրանք իսկապես բավական լուրջ հնարավորություններ են՝ կապակցվածության, տրանսպորտի օգուտները, և ի վերջո առանձին ընտանիքների համար ավելի շահեկան կլինի՝ կենսապահովման հնարավորություններ, աշխատանքային հնարավորություններ, տնտեսական աճի ավելացում»:

«Հայաստանի տնտեսությունն արդեն իսկ շատ դրական հետագծով է ընթացել, բայց որպեսզի հայ ժողովուրդը կարողանա տարածաշրջանում ավելի շատ առևտուր ունենալ, սահմանները բացվեն ապրանքների համար, և մարդիկ կարողանան ազատորեն տեղաշարժվել, դա կլինի զգալի դրական տեղաշարժ, որը մեծ նոր հնարավորություններ կբերի իր հետ», – ընդգծել է Փաուերը:

Հուլիսի 9-ին Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ՆԱՏՕ-ի 75-ամյակին նվիրված՝ ԱՄՆ նախագահի անունից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը, որտեղ շփումներ է ունեցել ՆԱՏՕ անդամ և գործընկեր երկրների ԱԳ նախարարների հետ: ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցերի շուրջ մտքեր են փոխանակվել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով Վաշինգտոնում է՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը և կազմակերպության 75-ամյակին նվիրված հարակից միջոցառումներին։ Վաշինգտոնում է նաև Ադրբեջանի ԱԳ նախարարը։