ԱՄՆ-ն Հայաստանին կտրամադրի 2․4 մլն դոլարի ֆինանսավորում, որը կուղղվի քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանության ոլորտի զարգացմանը։ Այդ մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը։
Ըստ նրա՝ տրամադրվելիք գումարը կօգնի ամրապնդել իրավական դաշտը, որպեսզի տեխնոլոգիաներն այնպես զարգանան, որ պաշտպանված լինեն քաղաքացիների անձնական տվյալները և մարդու իրավունքները, հայտնում է Factor.am-ը։
ԱՄՆ պաշտոնյան թվարկել է, որ իրենք աջակցում են Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին, օգնում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայացմանը, աջակցում անկախ լրատվամիջոցներին՝ ապահովելու համար թափանցիկ և հաշվետու պետական կառավարում։
Փաուերի խոսքով՝ ԱՄՆ-ն աշխատում է Հայաստանի տնտեսական աճի խթանման ուղղությամբ, օգնում է հայաստանյան տնտեսվարողներին արտահանման նոր շուկաների հետ համագործակցելու հարցում։
«Մենք աջակցել ենք «Ինժեներական քաղաքի» կառուցմանը, որը կնպաստի ուսանողների կարիերայի աճին։ Մենք օգնել ենք կառավարությանը բարելավելու արտահանման և ներմուծման ներդրումային հնարավորություններն այնպիսի առաջնային ոլորտներում, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը և տեխնոլոգիաները»,- ներկայացրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կառավարիչը։
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունն արդեն երկու տասնամյակ աջակցում է Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտին՝ գործակցելով ամերիկյան ընկերությունների և Հայաստանի կառավարության հետ:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Փաուերի այս այցով ԱՄՆ–ն վերահաստատում է իր հաստատակամ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանը, տնտեսական դիմակայունությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Այցի ընթացքում նա կհանդիպի պետական պաշտոնյաների, քաղհասարակության ներկայացուցիչների, ԶԼՄ-ների և գործարար ոլորտի առաջնորդների հետ: