AM
11 July 2024 - 06:32 AMT

Վաշինգտոնում եռակողմ հանդիպման արդյունքում ՀՀ–ն ու Ադրբեջանը կշարունակեն բանակցություններում առաջընթաց գրանցած աշխատանքը

Հուլիսի 10-ին Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի կազմավորման 75-ամյակին նվիրված գագաթաժողովի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:

Կողմերը նշել են խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ պատմական պայմանագրի կնքման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի կողմից գրանցված առաջընթացը և համաձայնել են շարունակել աշխատանքները:

Կողմերը երախտագիտություն են հայտնել ԱՄՆ պետքարտուղարին հանդիպումը հյուրընկալելու համար։

Հուլիսի 9-ին Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ՆԱՏՕ-ի 75-ամյակին նվիրված՝ ԱՄՆ նախագահի անունից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը, որտեղ շփումներ է ունեցել ՆԱՏՕ անդամ և գործընկեր երկրների ԱԳ նախարարների հետ, հայտնում է ԱԳՆ–ն։ ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցերի շուրջ մտքեր են փոխանակվել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով Վաշինգտոնում է՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը և կազմակերպության 75-ամյակին նվիրված հարակից միջոցառումներին։ Վաշինգտոնում է նաև Ադրբեջանի ԱԳ նախարարը։