AM
11 July 2024 - 10:27 AMT

Փաշինյանը դժգոհել է ճանապարհների որակից․ «Բյուջեի գումարները դրել ենք տիղմի տակ»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, անդրադառնալով սուբվենցիոն գումարներով իրականացված ծրագրերին, ասել է, որ ոչ բոլորն են արդյունավետ եղել։

Նա մասնավորապես անդրադարձել է ճանապարհների խնդրին՝ դժգոհելով որակից։

«Գնում ենք, բացումն անում ենք, առաջին անձրևից հետո մտնում ենք այնտեղ, տեսնում ենք` ճանապարհ այնտեղ չկա. ընդհանրապես չի երևում, որ այնտեղ մեկ ամիս առաջ լավ սպիտակ գծերով ճանապարհ կար, տիղմի առաջին շերտից հետո 2–րդ, 3–րդ, 4–րդ շերտերն են նստում, ու վերջ, ճանապարհը չկա»,– նկատել է Փաշինյանը, հայտնում է Sputnik Արմենիան։

Նա նաև մեկ այլ օրինակ է բերել։

«Օրինակ գնում ենք, զբոսայգու բացում ենք անում ծաղիկ, թուփ և այլն, վեց ամիս անց ասում ես գնամ, տեսնեմ ինչ կա, մտնում ես, տեսնում ես` 2 մետր մոլախոտ է աճած։ Եթե այգի ենք կառուցում, որը մեկ տարի անց, ինչպես Դիլիջանում են ասում, դառնալու է մոլախոտի բռնկութ, ինչի՞ համար ենք դա անում։ Դա մարդկանց համար ենք, չէ՞, անում, հո բացում անելու կամ «Ֆեյսբուքի», «Թվիթերի» կամ «Յութուբի», լուրերի թողարկման համար չենք անում»,– ասել է Փաշինյանը։

Վարչապետի խոսքով` այս ամենը նշանակում է, որ ՀՀ բյուջեի գումարները դրվել են տիղմի տակ ի պահ, որն այլևս ոչ մեկին պետք չէ։ Փաշինյանը զգուշացրել է, որ շուտով այցելելու է այն համայնքներ, որտեղ 3 տարում 26 սուբվենցիոն գումարներով իրականացվել են տարբեր ծրագրեր։