AM
11 July 2024 - 13:22 AMT

«Հայոց պատմություն» առարկան այսուհետ կկոչվի «Հայաստանի պատմություն»

«Հայոց պատմություն» առարկան այսուհետ կկոչվի «Հայաստանի պատմություն»։ Այդպիսի որոշում է ընդունվել կառավարության նիստում՝ առարկայի անվանումը կհամապատասխանեցվի հանրակրթության պետական չափորոշչի 33-րդ կետում արդեն իսկ առկա «Հայաստանի պատմություն» ձևակերպմանը:

Նշվում է, որ առարկայի ներկայիս անվանումը չի ներառում կամ հստակ չի ներկայացնում պետականության գաղափարը։

Հիմնավորման մեջ ասվում է, որ պատմության ուսուցանումը առաջին հերթին պիտի միտված լինի ժամանակակից Հայաստանի՝ Հայաստանի Հանրապետության դիրքից պատմական իրադարձությունների վերլուծությանն ու ներկայացմանը։ Այսպիսով, պատմության ուսուցանման միջոցով ՀՀ գոյությունը կներկայացվի պատմական իրադարձությունների և գործընթացների տրամաբանական շղթայի ներքո՝ նախորդող շրջանում տարբեր ձևաչափերով հայկական պետության գոյության ժամանակահատվածներում շեշտադրելով պետության գաղափարի կարևորությունը և պետականության ներքին ավանդույթը, պետության չգոյության ժամանակահատվածներում շեշտադրելով նման պետության ձևավորմանը միտված հանրային քայլերն ու ջանքերը։

Արձագանքելով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է. «Ինչո՞ւ ենք այս որոշումը ընդունում, որովհետև մենք մեր ռազմավարության հիմքում և մեր քաղաքականությունների հիմքում դնում ենք պետականությունը, անկախությունը, ինքնիշխանությունը։ Մենք պետք է արձանագրենք, որ պետությունը բոլորովին ուրիշ մտածողություն է, պետությունը բոլորովին ուրիշ մշակույթ է, պետությունը բոլորովին ուրիշ հայեցակետ է։ Մենք պետք է ուժ ունենանք խոստովանելու և առերեսվելու, որ այդ մտածողությունը միշտ չէ և ամենուր չէ, որ հասանելի է մեզ հենց այսօր հենց այս դահլիճում տեղի ունեցող քննարկումներում։

Մենք, իմ գնահատմամբ, մի պրոցեսի մեջ ենք, որ հիմա փորձում ենք, ըստ էության, բարձրանալ դեպի պետական ընկալման աշտարակ, որտեղից աշխարհը և կյանքը երևում է բոլորովին այլ կերպ»։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իր հերթին պարզաբանել է. «Քանի որ այս նախագիծը դարձել է մեր վերջին շրջանում ամենաշատ քննարկվող նախագծերից մեկը հանրային հարթակում, կուզեի ևս մեկ անգամ պարզաբանել հիմնական մտահոգությունը, որը դիտարկել եմ այդ քննարկումների ընթացքում: Դա այն է, որ որոշ շրջանակների մոտ կար տպավորություն, թե առարկան վերանվանելով՝ մենք բովանդակության իմաստով որևէ բան դուրս ենք թողնելու և օրինակ մեր երեխաներն այլևս չեն ուսումնասիրելու մեր պատմության ինչ-որ դրվագներ կամ կտորներ:

Ուզում եմ ևս մեկ անգամ հստակ ասել, որ բովանդակային տեսանկյունից ամբողջ բովանդակությունը շարունակելու է մնալ կրթական ծրագրի մաս, և այս իմաստով՝ բովանդակության կտորների դուրս թողման մասին պնդումներն ուղղակի կապ չունեն իրականության հետ: Այն, ինչ փոխվում է՝ այդ դեպքերի, իրադարձությունների և իրողությունների ներկայացման ձևն է, վերագնահատումն է»։