AM
16 July 2024 - 10:05 AMT

Աբրահամյան. Հանրությանը նախապատրաստում են նոր զիջումների

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարի խոսնակ Մեթյու Միլլերի հայտարարությանը կողմերից ակնկալվող «մեծ փոխզիջումների» մասին, նշել է, որ հանրությանը նախապատրաստում են նոր զիջումների։

«ԱՄՆ պետքարտուղարի խոսնակը, անդրադառնալով հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին, հայտարարել է, թե «կարծում ենք, որ համաձայնության հասնելը հնարավոր է, բայց դա պահանջում է երկու կողմից բարդ որոշումներ և լուրջ փոխզիջումներ ընդունել»:

Ի՞նչ է ստացվում. Հայաստանը վերջին 6 տարիներին, հնարավոր բոլոր ուղղություններում զիջել է դիրքերը, ստացել պատերազմ, ագրեսիա, ճնշումներ, սպառնալիքներ, շանտաժ, ունեցել հսկայական մարդկային ու տարածքային զիջումներ, սակայն պարզվում է, որ նրանից դեռ բարդ որոշումների և լուրջ զիջումների ակնկալիք կա:

Սա է՞ խաղաղության հասնելու միջազգային պատկերացումները: Այս պարագայում միայն կարելի է կռահել Ադրբեջանի ու Թուրքիայի սպասելիքները, որը պարբերաբար նաև հրապարակային է հնչեցվում:

Ու դեռ մեր ժողովրդին էլ, փաշինյանական իշխանությունը համոզում է, որ իրենք երկիրը խաղաղության են տանում, այն դեպքում, որ հերթական անգամ հանրությանը, այս դեպքում նաև միջազգային դերակատարների շուրթերով, նախապատրաստում են նոր զիջումների»,–ասվում է գրառման մեջ։

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցում հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը մեծ առաջընթաց են գրանցել բանակցություններում, սակայն, խաղաղության պայմանագիրը կողմերից «պահանջում է ծանր փոխզիջումներ»: Միլլերը հավելել է, որ ԱՄՆ–ն կշարունակի դրդել կողմերին իրենց տարաձայնությունների վերջնական հանգուցալուծման և համաձայնության հասնելուն։