Տավուշի մարզի Կիրանց գյուղի բնակիչ Անդրանիկ Նազարյանը հայտնել է, որ ադրբեջանցի զինվորականները շատ մոտ են՝ արդեն Կիրանցի կամրջի հատվածում, ազատ շրջում են, հայտնում է «Փաստինֆոն»։
Նա նշել է, որ չգիտեն՝ ով են, կարող են ականազերծող լինել, կարող են սահմանապահներ լինել, բայց «իրենց արդեն գյուղի մեջ են տեսնում»։
Նրա փոխանցմամբ՝ ադրեջանցիները կանաչ ու հողի գույնի համազգեստով են։
«Դպրոցին կից մինչև հին ճանապարհը պատ են շարել, մի մասը քարե, մի մասը՝ թիթեղյա։ Երևացող ադրբեջանցիներն արդեն կամրջի հատվածում են, նաև նորակառույց դպրոցից ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա, ազատ շրջում են այդ պատի հատվածում, համարում են, որ իրենց տարածքն է»,- հավելել է Նազարյանը։
Վարչապետի աշխատակազմից մայիսի 15-ին հայտնել էին, որ երկու երկրների սահմանապահները համաձայնեցված սահմանի վրա կանգնելու են առաջիկա 8-9 օրերի ընթացքում, իսկ Կիրանցի առավել զգայուն հատվածում` ավելի ուշ, որովհետև այդտեղ որոշ մանրամասներ ենթակա են լրացուցիչ ճշգրտման:
Վրաստան տանող միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածում ադրբեջանական կողմին է անցնում կամուրջը։ Կառավարությունը հայտարարել է, որ նոր շրջանցիկ ճանապարհ պետք է կառուցվի, 2-3 ամիս ժամկետի մասին է հայտարարվել։