Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղար Տատյանա Մոլչանի հետ հանդիպմանը ներկայացրել է Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակի շուրջ վերջին զարգացումները։
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ՄԱԿ կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ Եվրոպական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ ծրագրերի իրականացանն առնչվող հարցեր:
Անդրադարձ է կատարվել Հայաստանի կողմից Կայուն զարգացման նպատակների արդյունավետ իրականացման ընթացքին, ԱԳ նախարարի կողմից ներկայացված երրորդ կամավոր ազգային զեկույցին։ Մտքեր են փոխանակվել «2030թ. օրակարգի» նպատակներին հասնելու ուղղությամբ ՄԱԿ ԵՏՀ հետ գործակցության հնարավորությունների շուրջ, այդ թվում՝ տրանսպորտային ենթակառուցվածքների, վերականգնվող էներգետիկայի, կանաչ տնտեսության, շրջակա միջավայրի, ճանապարհային անվտանգության ապահովման բնագավառներում:
Արարատ Միրզոյանը և Տատյանա Մոլչանը քննարկել են նաև բազմակողմ հարթակներում, այդ թվում՝ Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների խմբի շրջանակում, փոխգործակցության առաջնահերթությունները։
ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցում հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը մեծ առաջընթաց են գրանցել բանակցություններում, սակայն, խաղաղության պայմանագիրը կողմերից «պահանջում է ծանր փոխզիջումներ»: Միլլերը հավելել է, որ ԱՄՆ–ն կշարունակի դրդել կողմերին իրենց տարաձայնությունների վերջնական հանգուցալուծման և համաձայնության հասնելուն։