ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ պատերազմական անոնսից մի քանի շաբաթ անց «գերագույն հրամանատարի կարգավիճակ ունեցողը մեկ ամսով արձակուրդ է մեկնում»։
«Մեկ ամիս առաջ երկրի ԱԳՆ-ն հայտարարություն է անում, որտեղ խոսվում է նոյեմբերից հետո Ադրբեջանի հնարավոր ագրեսիայի սանձազերծման մասին, իսկ նույն երկրում պատերազմական ժամանակ գերագույն հրամանատարի կարգավիճակ ունեցողը, պատերազմական անոնսից մի քանի շաբաթ հետո, շուրջ մեկ ամսով արձակուրդ է մեկնում:
Սա իշխանության անլրջության, անպատասխանատվության, անգործության, արկածախնդրության լավագույն ցուցիչն է:
Կա´մ իշխանությունը խոստովանում է, որ ժողովրդին պատերազմի շանտաժով նոր փորձության է նախապատրաստում, կա´մ իշխող կառավարիչը նոր արհավիրքին ընդառաջ, անհրաժեշտ միջոցառումների, գործողությունների պլանի իրագործման փոխարեն իրեն նվիրում է հեծանվավազքին ու շրջագայություններին` պետությունը հերթական անգամ թողնելով բախտի քմահաճույքին»,–ասվում է գրառման մեջ։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 15-ից օգոստոսի 12-ն արձակուրդում է լինելու, որը կընդհատվի Լոնդոնում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի չորրորդ գագաթնաժողովով:
Փաշինյանը մայիսի 7–ին հայտարարել էր, որ եթե կասեցնեն Տավուշի մարզում մեկնարկած սահմանազատումը, սկսվելու է պատերազմ։ Փաշինյանն ավելի վաղ ևս Տավուշում խոսել էր Ադրբեջանի հետ մոտալուտ պատերազմի վտանգի մասին։«Մեր քաղաքականությունն այն է, որ պետք է պատերազմ թույլ չտանք։ Մենք կարող ենք էստեղից դուրս գալ, գնանք ասենք՝ չէ, չկա, էն էլ չկա, էն էլ չկա, դա նշանակում է, որ շաբաթվա վերջ պատերազմ է սկսվելու։ Ես գիտեմ՝ ինչ է լինելու այդ պատերազմի վերջում»,- ասել էր նա մարտի 18–ին։