ՀՀ քաղաքաշինության կոմիտեն հրապարակել է Արցախից բռնի տեղահանված ընտանիքների համար նախատեսված բնակելի տների կառուցման օրինակելի նախագծեր։ 18 նախագիծ է հաստատվել, որոնք հրապարակվել են Քաղաքաշինության կոմիտեի կայքում:
Առանձնացվել են 40 քմ, 60 քմ, 75 քմ, 90 քմ և 120 քմ մակերեսներով բնակելի տների նախագծեր, որոնք ներկայացրել են 5 կազմակերպություններ։ Հետագայում նոր առաջարկները ևս կներառվեն այս բաժնում։

Հրապարակված 18 նախագծերից 8-ն ավանդական կոնստրուկցիաներով՝ քարե կրող պատերով և երկաթբետոնե հիմնակմախքով, իսկ տասն արագ կառուցվող տների նախագծեր են, որոնք ներառում են 1 քառակուսի մետրի կողմնորոշիչ արժեքը, նախահաշիվ, ծավալաթերթ, բացատրագիր։
Նախընտրած տարբերակն ընտրելուց հետո տների կառուցման համար անհրաժեշտ է դիմել շինարարություն իրականացնող լիցենզավորված կազմակերպություններին, որոնց ցանկը հրապարակված է կոմիտեի կայքում, կամ նախագիծը հեղինակած ընկերությանը։
ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին կարող եք դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ստեղծած հարթակով։
Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։