AM
18 July 2024 - 09:52 AMT

ՀՀ և Վրաստանի երիտասարդների համար ամառային մշակութային-երիտասարդական ծրագիր կիրականացվի

Հայաստանի և Վրաստանի 16-25 տարեկան թվով 60 երիտասարդի համար ամառային միջազգային մշակութային-երիտասարդական ծրագիր կիրականացվի: Նման որոշում է կայացվել գործադիրի նիստում։

Ծրագրի նպատակն է նպաստել հայ և վրացի պատանիների միջև հաղորդակցման ապահովմանն ու միջմշակութային-երիտասարդական կապերի ստեղծմանը

Ծրագիրը ներառում է մի շարք երիտասարդական, մշակութային, սպորտային, ժամանցային, կրթական, ճանաչողական միջոցառումներ, ինչպես նաև ինտելեկտուալ ժամանցի և մրցակցային խաղեր։ Ճանաչողական միջոցառումներն իրականացվելու են թիմային խաղերի տեսքով։ Ներառում է պանելային քննարկումներ, լեզվական, երաժշտական, թատերական խաղ-առաջադրանքներ։ Ճանաչողական միջոցառումների մաս են նաև Լոռու մարզում և դեպի Երևան էքսկուրսիաները, արշավները։

Զույգերով կամ թիմերով ժամանցային միջոցառումների համար մասնակիցներին շաբաթվա ընթացքում հատկացվելու է ազատ ժամեր, իսկ ինտելեկտուալ և մրցակցային խաղերը կազմակերպվելու են խմբերի միջև՝ թիմային ձևաչափով։ Կրթական միջոցառումների բաղադրիչ է ՔՈԱՖ Սմարթ Կենտրոնի ամառային ծրագրի փակման արարողությունը, որին մասնակցելով մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալ Կենտրոնի 15 ծրագրերի նախագծերին և բացահայտել Սմարթի կրթական մոդելը՝ հիմնված կոգնիտիվ, հուզական և ֆիզիկական ոլորտների համապարփակ զարգացման վրա։

Ակնկալվում է, որ ծրագրում ընդգրկված մասնակիցները կստեղծեն դրական միջմշակութային հաղորդակցություն, կլավացնեն երիտասարդների միջև շփումները, մշակութային, սովորութային յուրահատկությունների, աշխարհագրական, լեզվական առանձնահատկությունների ճանաչողությունը։