AM
18 July 2024 - 10:37 AMT

Մոտ 16 մլն դրամ՝ Անահիտ աստվածուհու արձանը ՀՀ-ում ցուցադրելու և հանրահռչակելու համար

Կառավարությունը որոշել է 15 մլն 693 հազար դրամ հատկացնել Հայաստանի պատմության թանգարանում «Մայր աստվածություն․Անահիտից Մարիամ» ժամանակավոր ցուցադրության հանրահռչակման համար:

Առաջին անգամ Բրիտանական թանգարանի Սատաղղից գտնված և Անահիտ աստվածուհուն վերագրվող հայտնի բրոնզե արձանից պահպանված գլուխը ու ձեռքը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում։ Այս միջոցառումը նոր համատեքստ կհաղորդի Հայաստանի պատմության թանգարանի 105-ամյա գործունեությանն ու մշակութային, գիտական, կրթական առաքելությանը։

Այս որոշմամբ կխորացվի Բրիտանական թանգարանի հետ համագործակցության հետագա համատեղ միջոցառումների կազմակերպման հնարավորությունը և կբարձրացվի Հայաստանի պատմության թանգարանի վարկանիշը տարբեր միջազգային նախագծերի իրականացման և նաև համատեղ ցուցահանդեսների կազմակերպման համատեքստում։

Նշվել է, որ անհրաժեշտ է ցուցահանդեսին ընդառաջ իրականացնել նաև թվային, ֆիզիկական գովազդային արշավ՝ համապատասխան մարքեթինգային գործիքակազմով:

Կառավարության որոշման նպատակն է խորացնել Բրիտանական թանգարանի հետ համագործակցության հետագա համատեղ միջոցառումների կազմակերպման հնարավորությունը և բարձրացնել Հայաստանի պատմության թանգարանի վարկանիշը տարբեր միջազգային նախագծերի իրականացման և նաև համատեղ ցուցահանդեսների կազմակերպման համատեքստում։

Ցուցահանդեսի բացումը նախատեսված է 2024 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա տոնական միջոցառումների շրջանակում։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հետաքրքրվել է, թե արդյոք զբոսաշրջության պատասխանատուները ներգրավվա՞ծ են այս նախաձեռնության լուսաբանման աշխատանքներին, քանի որ ֆոկուս խումբը նաև զբոսաշրջիկները: Ի պատասխան Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշել է, որ ներգրավվածություն և մասնակցություն կա, և այս նախաձեռնությունը դիտարկվում է տուրիզմի և տնտեսության համար կարևոր գործիք: