Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Քննչական կոմիտեի միջնորդությունը Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։ Այդ մասին ֆեյսբուքյան եթերում հայտնել է նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
ՔԿ–ն միջնորդություն է ներկայացրել Սարգսյանի հանդեպ հսկողություն խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը ենթադրում է խիստ սահմանափակումներ։
Դատարանն ամբողջությամբ բավարարել է քննիչի միջնորդությունը, որի համաձայն Սարգսյանին արգելվում է երեկոյան19:00-ից մինչև 07:00-ն լքել բնակարանը, շփվել գործով անցնող անձանց, նաև Ստեփանակերտի քաղաքապետարանում աշխատած մարդկանց հետ:
Արգելվել է նաև զվարճանքի ու սպասարկման օբյեկտներ այցելել, ինչն, ըստ փաստաբանի, նշանակում է, որ Սարգսյանն անգամ խանութ չի կարող գնալ։
Փաստաբանն ասել է, որ որոշումը բողոքարկվելու է։
Հուլիսի 16-ին Վերաքննիչ դատարանը բավարարել էր Ստեփանակերտի քաղաքապետին տնային կալանքի տակ պահելու որոշման դեմ ներկայացրած վերաքննիչ բողոքը, և նա ազատության մեջ էր։
Նա մեղադրվում է խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով խարդախություն անելու, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր պատրաստելու և 3 անձի հետ դրանք օգտագործելու մեջ։ Մայիսին նա 20 օրով կալանավորվել էր, իսկ հետո տնային կալանքի տակ էր։