Հայաստանն ու Եվրամիությունը բանակցում են գործընկերության նոր օրակարգի շուրջ․ կլինեն նոր ու կարևոր տարրեր, որոնք կօգնեն Հայաստանի անվտանգությանն ու ԵՄ-ի հետ տնտեսական գործակցությանը, կնպաստեն երկրի դիմադրողականությանը։ Այդ մասին ասել է Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը՝ ելույթ ունենալով Մատենադարանում մեկնարկած Հայագիտության միջազգային կոնգրեսի ժամանակ։
Նա նշել է, որ 2024-ի ապրիլի 5-ին Եվրամիությունը հայտարարել է Հայաստանի դիմակայունության և աճի համար 270 միլիոն եվրոյի օգնություն հատկացնելու մասին, գրում է Արմենպրեսը։
«Ուզում եմ նաև ընդգծել, որ Եվրամիությունը ներգրավված է այս տարածաշրջանում խաղաղությանն ու կարգավորմանը աջակցելու գործում: Եվ, մասնավորապես, ուզում եմ ընդգծել, թե որքանով ենք մենք պաշտպանում Հայաստանի ինքնիշխանությունը և Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Մենք դիտորդական առաքելություն ենք տեղակայել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, որը հատկապես նպաստում է սահմանային տարածքներում մարդկային անվտանգության ապահովմանը։ Այս համատեքստում ուզում եմ նաև տեղեկացնել, որ Եվրամիությունը եղել է Լեռնային Ղարաբաղից փախստականներին աջակցելու առաջնագծում։ Մենք ավելացրել ենք մեր աջակցությունը անցյալ տարվա աշնանից: Այս գործընթացի սկզբում մենք տրամադրել ենք ավելի քան 20 միլիոն եվրոյի աջակցություն և մարդասիրական օգնություն: Եվ հիմա մենք աջակցում ենք բնակարանաշինությանը, զբաղվածությանը և մի շարք որոշումներ ենք ընդունում, որոնցով պատրաստվում ենք փախստականների ինտեգրման համար մեր բյուջետային աջակցությունը ՀՀ Կառավարությանը հասցնել մինչև 40 միլիոնի», – ասել է ԵՄ դեսպանը։
Մարագոսը նաև խոսել է ԵՄ-ի կողմից Սյունիքի մարզում իրականացվող ծրագրերի և այնտեղ կատարվող ներդրումային նախագծերի մասին։
ՀՀ Ազգային ժողովը վավերացրել է «Հայաստանի Հանրապետության և եվրոպական միության միջե Հայաստանում ԵՄ առաքելության կարգավիճակի մասին» համաձայնագիրը։ Ըստ այդմ, ՀՀ–ում ԵՄ առաքելությունը, այդ թվում՝ դրա բաղադրատարրերը, ստորաբաժանումները, գլխամասային գրասենյակներն ու անձնակազմը մաքսային և հարկային հարցերում ՀՀ իրավասու գերատեսչությունների կողմից դիտարկվելու են որպես դիվանագիտական կարգավիճակ ունեցող ներկայացուցչություն:
Դիտորդները կօգտվեն իրավական անձեռնմխելիությունից՝ իրենց դիտորդական գործառույթների կատարման առումով։ Այն շենքերը, որտեղ գտնվում է առաքելությունը, անձեռնմխելիության կարգավիճակ կունենան և խուզարկության ենթակա չեն լինի։ Առաքելության նամակագրությունն ու արխիվները նույնպես անձեռնմխելի կլինեն։