Եվրամիությունը հաստատել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը և Եվրոպական խաղաղության հիմնադրամից ՀՀ–ին 10 մլն եվրոյի աջակցության տրամադրումը։
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ողջունել է ԵՄ խորհրդի՝ արտաքին գործերի նախարարների կողմից կայացված որոշումները՝ դրանք անվանելով պատմական։
«Մենք ողջունում ենք ԵՄ կողմից՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով կայացված պատմական որոշումները Եվրոպական խաղաղության գործիքի ներքո Հայաստանին աջակցության տրամադրման և վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկի վերաբերյալ։
Սա ՀՀ-ԵՄ գործընկերության շատ կարևոր հանգրվան է, գործընկերություն, որը խորանում է՝ հիմնված ընդհանուր արժեքների և սկզբունքների, ինչպես նաև կայունության, խաղաղության և բարեկեցության տեսլականի վրա։
Անկեղծորեն շնորհակալություն եմ հայտնում ԵՄ կառույցների և անդամ երկրների իմ գործընկերներին»,–ասել է Միրզոյանը, հայտնում է ԱԳՆ–ն։
ԵՄ արտգործնախարարների հուլիսի 22-ին տեղի ունեցած խորհրդի նիստի ժամանակ կայացված որոշմամբ Եվրահանձնաժողովը սկսում է Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը։
ԵՄ-ն առաջին անգամ Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին կտրամադրի 10 մլն եվրո։ Հայաստանի Հանրապետությանն աջակցելու համար տրամադրվելիք օգնության նպատակն է բարձրացնել Հայաստանի զինված ուժերի նյութատեխնիկական կարողությունները և նպաստել ճգնաժամային և արտակարգ իրավիճակներում խաղաղ բնակչության պաշտպանության բարելավմանը: