AM
24 July 2024 - 08:02 AMT

Սպորտային և շքեղ. Porsche-ն ներկայացնում է նոր Panamera մոդելները

Porsche-ն ներկայացնում է դինամիկայի տեսանկյունից լավագույն սերիական մոդելները՝ Panamera Turbo S E-Hybrid-ը և Panamera GTS-ը: Մոդելային շարքն այժմ համալրվել է առանձնապես հզոր և սպորտային երկու տարբերակով: Դրանք տարբեր կողմնորոշման մեքենաներ են. Panamera GTS-ը դինամիկ սպորտային սեդան է, որտեղ առաջին պլան է մղվում վարելու զգայական փորձառությունը: Panamera Turbo S E-Hybrid-ը մոդելային շարքի ամենահզոր, ամենաարագ և ամենաշքեղ տարբերակն է: Այս թոփ մոդելը նոր ռեկորդակիր է Նյուրբուրգրինգի «Հյուսիսային օղակ»-ի՝ ներքին այրման շարժիչով ամենաարագ ավտոմեքենաների և լյուքս դասին պատկանող հիբրիդային սեդանների պաշտոնական վարկանիշային աղյուսակում:

Երկու մոդելներն էլ համալրված են բարելավված 4.0 լ աշխատանքային ծավալով V8 բիտուրբո շարժիչով, որն արդեն իսկ օգտագործվում է Panamera Turbo E-Hybrid-ի համար: Այս հզոր շարժիչը մշակվել է Եվրո 7 ստանդարտներին համապատասխան, որոնք սահմանում են տրանսպորտային միջոցների արտանետումների ամենախիստ սահմանները: Անցումը երկփող (twin-scroll) տուբոմղիչից միափող (single-scroll) տուրբոմղիչի կրճատում է կատալիտիկ փոխարկիչների տաքացման փուլը: Արտանետման գազերի մինչև 1000°C ջերմաստիճանը և, արդյունքում, մաքուր այրումը, ինչպես նաև այրման խցիկներում միջին պիկային ճնշման բարձրացումը մինչև 140 բար, ապահովում են ավտոմեքենայի ընթացքի արդյունավետությունը հատկապես դինամիկ վարման ժամանակ: 8-աստիճան PDK փոխանցումատուփը զգալիորեն վերամշակվել է: Էլեկտրահաղորդման օպտիմալացված մակերևույթների և ավելի բարձր ջերմային բեռի շնորհիվ այն ի վիճակի է գործադրել Panamera Turbo S E-Hybrid-ի հսկայական ոլորող մոմենտը:

Ամենահզոր Panamera-ն՝ Panamera Turbo S E-Hybrid-ը

Porsche-ում Turbo մատնանշումն ավանդաբար խորհրդանշում է առավելագույն արտադրողականությունը ճանապարհի համար նախատեսված մոդելային տարբերակների շարքում: Միևնույն ժամանակ, Turbo-ն նշանակում է տեխնոլոգիական առաջատարություն համապատասխան սեգմենտում: Բարձր արդյունավետությամբ ներքին այրման շարժիչների և էլեկտրական ուժային համակարգի համակցությունը հնարավորություն է տալիս ապահովելու առանձնակի հզոր ընթացք և բացառիկ արտադրողականություն:

Նոր Panamera Turbo S E-Hybrid-ը մինչ օրս արտադրված ամենահզոր Panamera-ն է: Նրա V8 բիտուրբո շարժիչն ունի 441 կՎտ (600 ձիաուժ) հզորություն, իսկ PDK-ի պատյանի և հովացման համակարգում ամբողջությամբ ինտեգրված էլեկտրական շարժիչի հզորությունը կազմում է 140 կՎտ (190 ձիաուժ): Նախորդ մոդելի համեմատ համակարգի հզորությունն ավելացել է 75 կՎտ-ով (102 ձիաուժ)՝ մինչև 575 կՎտ (782 ձիաուժ), իսկ համակարգի ոլորող մոմենտն աճել է 150 Նմ-ով՝ մինչև 1000 Նմ: Panamera Turbo S E-Hybrid-ի՝ 0-ից 100 կմ/ժ արագացման ցուցանիշը 2.9 վայրկյան է, իսկ առավելագույն արագությունը կազմում է 325 կմ/ժ: Սա նշանակում է բարելավում՝ 25 կմ/ժ-ով և 0.5 վայրկյանով:

Միևնույն ժամանակ նոր Panamera Turbo S E-Hybrid-ն արդյունավետ է վարելու համար: Նախորդ սերնդի համեմատ դրա հիբրիդային շարժիչն առաջարկում է ընթացքի ավելի մեծ էլեկտրական պաշար, ավելի արագ լիցքավորում և ավելի ճկուն արձագանք: 25.9 կՎտժ (համախառն) հզորությամբ բարձրավոլտ մարտկոցը պահեստավորում է 45 տոկոսով ավելի շատ էներգիա, քան նախորդ մարտկոցը: Սա ամենահզոր Panamera-ին տալիս է մինչև 88 կմ ընթացքի էլեկտրական պաշար (WLTP EAER City): Ռեկուպերացիայի հզորության մինչև 88 կՎտ աճի շնորհիվ Panamera Turbo S E-Hybrid-ն ամբողջությամբ էլեկտրական ռեժիմում ընթանում է ավելի արդյունավետ, քան երբևէ: Համապատասխան հզորության աղբյուրի դեպքում 11 կՎտ ներկառուցված ՓՀ լիցքավորիչը լիցքավորում է մարտկոցը 0-ից մինչև 100 տոկոս մոտ երկու ժամ և 39 րոպեում:

Տուրբո մոդելների յուրահատուկ դիզայնը

Porsche-ն ընդգծում է Տուրբո մոդելների դերը որպես այդ մոդելային շարքերի լավագույն կատարողներ՝ թափքի գույնով ներկված յուրահատուկ հետևի թափարգելի և տպավորիչ առջևի մասի օգնությամբ։ Հետևի մասի մուգ բրոնզագույն, քրոմապատ արտանետման խողովակների գլխադիրներն ամբողջացնում են ավտոմեքենայի արտաքին տեսքը։ Turbo S E-Hybrid-ի ստանդարտ սարքավորումը ներառում է Porsche (PCCB) կոմպոզիտային կերամիկական արգելակային համակարգ՝ դեղին գույնի արգելակային հենակներով։ Թթվային կանաչը նույնպես հասանելի է որպես E-Hybrid-ին հատուկ գույն։

Turbonite-ը՝ նրբաճաշակ մետաղական մոխրագույն երանգը, բացառապես վերապահված է Turbo մոդելների համար։ Panamera Turbo S E-Hybrid-ում այս գույնով են ներկված օդային շեղբերը՝ մեքենայի առջևում, հետևի թափարգելի ժապավենը և 21 դյույմանոց կռածո Panamera Turbo S անվասկավառակները։ Porsche-ն Turbonite-ն օգտագործում է նաև սրահի ինտերիերում, օրինակ՝ ամրագոտիների, կենտրոնական վահանակի և ղեկանվի վրա։ Turbonite գույնի կոնտրաստային թակալակարերը առկա են նաև նստատեղերի, դռան հարդարանքի, ցուցիչների վահանակի և գորգիկների վրա։ Տանիքի երեսպատումն ամբողջությամբ իրականացված է Race-Tex զամշանման գործվածքով։

Նոր ռեկորդ Panamera Turbo S E-Hybrid-ի համար

Նույնիսկ նախքան իր թողարկումը, նոր Panamera Turbo S E-Hybrid-ը սահմանեց լավագույն ժամանակը: Porsche-ի թեստ-դրայվի վարորդ Լարս Քերնը (36) Նյուրբուրգրինգի «Հյուսիսային օղակ» մրցուղու (20.832 կիլոմետր) մեկ շրջանն ավարտեց ընդամենը 7:24.172 րոպեում: Այս ժամանակով Porsche-ն ռեկորդ է սահմանել ներքին այրման և հիբրիդային շարժիչով ամենաարագ բարձրակարգ սեդանի համար Nürburgring 1927 GmbH & Co. KG-ի պաշտոնական դասակարգման մեջ: Նոր Panamera-ն այս մեքենաների դասում գոյություն ունեցող ռեկորդը բարելավել է 3.62 վայրկյանով: Լարս Քերնը ռեկորդային շրջանը վարել է 2024 թ․ հուլիսի 12-ին: Ռեկորդ սահմանած Panamera-ն վարորդի պաշտպանության նպատակով հագեցված էր մրցարշավային նստատեղով և անվտանգության վանդակով, սակայն մնացած ամեն ինչով համապատասխանում էր սերիական տարբերակին:

Արդեն 2016 և 2020 թվականներին «Հյուսիսային օղակ»-ում Լարս Քերնն Panamera-ով սահմանել էր դասի ռեկորդներ, վերջին անգամ՝ Panamera Turbo S-ով: Panamera Turbo S E-Hybrid-ի կողմից այս նոր, ավելի արագ ժամանակը չորս դռնանի սպորտային մեքենայի հետևողական հետագա զարգացման ապացույցն է: 7:24.172 նոր ժամանակով Լարս Քերնը 5.64 վայրկյանով բարելավել է իր 2020 թվականի ռեկորդը:

Մրցարշավային անվադողեր և կարբոնե Aerokit Panamera Turbo մոդելների համար

Այս ռեկորդով նոր Panamera-ն ցույց է տվել, թե ինչի է ընդունակ։ Մեքենայի արդյունավետությունը մեծապես պայմանավորված է նոր ածխածնային Aerokit -ով և Michelin-ի կողմից հատուկ մշակված UHP անվադողերով։ Aerokit-ը հասանելի է Panamera Turbo և Turbo S E-Hybrid սպորտային սեդանների համար։ Այն ներառում է օդային շեղբեր, կողային փեշեր և ածխածնից պատրաստված հետևի դիֆուզոր, ինչպես նաև օպտիմալացնում է աերոդինամիկ հավասարակշռությունը՝ մրցուղու վրա վարելու համար։ Առջևի սպոյլերի եզրային հատվածն ամբողջությամբ չեզոքացնում է առջևի առանցքի բարձրացումը։ Համակցված Գերնի թևիկով (Gurney flap) ադապտիվ (4-դիրք) հետևի սպոյլերի հետ՝ դրա ընդհանուր ազդեցությունը սեղմումային ուժ գեներացնելն է:

200 կմ/ժ արագության դեպքում այն 60 կիլոգրամով բարելավում է սեղմումային ուժը և ավելի բարձր արագությունների հասնելու հնարավորություն է տալիս մի շարք բարդ շրջադարձերի ժամանակ։ N0 նշագրմամբ Michelin Pilot Sport Cup 2 անվադողերն ավելի են բարելավում կցորդումը ճանապարհածածկի հետ։ Michelin Pilot Sport Cup 2 անվադողերը (275/35 ZR 21՝ առջևում և 325/30 ZR 21՝ հետևում) հատուկ մշակվել են Panamera-ի և դինամիկ վարման իրավիճակների համար։

Panamera Turbo S E-Hybrid-ի սարքավորումների լայն ընտրանի

Porsche-ն Panamera շարքի թոփ մոդելի՝ Panamera Turbo S E-Hybrid-ի ստանդարտ համալրման մեջ ներառել է Porsche Active Ride կախոցը։ Այս նորարարական կախոցը զուգակցված է 400 Վ բարձրավոլտ համակարգի հետ և, հետևաբար, տեխնիկապես հասանելի է միայն E-Hybrid Panamera մոդելների համար։ Յուրաքանչյուր ցնցամեղմիչ ունի էլեկտրական հիդրավլիկ պոմպ, որն ակտիվորեն չեզոքացնում է սեղմումն ու հետհարվածը։ Այս կերպ, կախոցը գրեթե ամբողջությամբ փոխհատուցում է թափքի շարժումները և դինամիկ վարման ժամանակ մեքենան պահում հորիզոնական դիրքում։ Տեխնոլոգիան հնարավորություն է տալիս իրականացնելու նորարարական գործառույթներ, ինչպիսիք են ճոճի և կողաթեքման գերփոխհատուցումը։ Այն նաև համապատասխանեցնում է անիվների բեռնվածքի բաշխումը կցորդման մակարդակին՝ այդպիսով օպտիմալացնելով քարշուժը։ Panamera Turbo S E-Hybrid-ի համար առկա սարքավորումների համապարփակ շարքը ներառում է նաև վարման դինամիկայի վերահսկման բոլոր համակարգերը, ետևի առանցքի անիվների ղեկակառավարումը, Porsche Ceramic Composite Brake (PCCB) համակարգը՝ առջևում 440 միլիմետր և հետևում 380 միլիմետր տրամագծով արգելակային սկավառակներով, ինչպես նաև Bose® ձայնային համակարգը։

Ամենաճկուն Panamera-ն՝ Panamera GTS-ը

GTS նշանակում է Gran Turismo Sport։ Porsche-ի՝ այս մատնանշմամբ ավտոմեքենաներն առաջարկում են սպորտայնության լրացուցիչ չափաբաժին և առավելագույն վարելու հաճույք՝ միաժամանակ ունենալով բարձր առօրյա օգտագործելիություն։ Համապատասխան այս փիլիսոփայությանը՝ Panamera GTS-ը նույնպես առանձնանում է բարձր արտադրողականության համար կարգաբերված կախոցով, էքսկլյուզիվ SportDesign փաթեթով և սպորտային, բարձրորակ սրահով։ Այն բարձրակարգ սպորտային սեդանի առանձնակի պուրիստիկ և մանևրունակ տարբերակն է։ Panamera GTS-ում հատկապես ինտենսիվ վարելու փորձառության հարցում մեծ դեր է խաղում հզոր, համապարփակ արդիականացված V8 բիտուրբո շարժիչը։ Այն առաջարկում է հզորության գծային մատակարարում, որը հստակորեն նկատելի է նույնիսկ 6000 պտույտ/րոպեից բարձր արագությունների դեպքում։

Շարժիչն արտադրում է է 368 կՎտ (500 ձիաուժ) հզորություն, որը 20 ձիաուժով ավելի է, քան նախորդ մոդելինը: Սա հանգեցնում է ավելի բարձր կատարողականության, դինամիկայի և նույնիսկ ավելի մեծ արդյունավետության: Չորս դռնանի սպորտային մեքենայի՝ 0-ից 100 կմ/ժ արագացման ցուցանիշը 3.8 վայրկյան է, իսկ առավելագույն արագությունը կազմում է 302 կմ/ժ: Panamera GTS-ի ստանդարտ սպորտային արտանետման համակարգը հատուկ մշակվել է հզոր և հուզական ձայնային միջավայր ստեղծելու համար:

Panamera GTS-ի ստանդարտ համալրման կազմում առկա է երկխցիկ և երկփականային կախոցը՝ Porsche Active Suspension Management (PASM) համակարգով և հատուկ սպորտային կարգավորումներով: 10 միլիմետրով նվազեցված գետնահեռությունը և լայնական կայունության կայունարարներն ապահովում են նկատելիորեն ավելի սահուն և փափուկ վարում: Էլեկտրական PTV Plus համակարգն ապահովում է ոլորող մոմենտի օպտիմալ բաշխումն անիվների միջև: Իրար հետ համակցված լինելով, այս միջոցառումներն ապահովում են բարձր կայունություն և նվազեցնում են ճոճի և կողաթեքման չափը նույնիսկ ամենաբարձր արագությունների ժամանակ: Այս ավելացված դինամիկան ապահովվում է՝ առանց հարմարավետության զգալի նվազեցման:

GTS-ոճի բացառիկ դիզայն և սարքավորումներ

Ինչպես բոլոր մոդելային շարքերի պարագայում՝ Porsche GTS մոդելները կարելի է ճանաչել իրենց յուրահատուկ սպորտային դիզայնով: Մեքենայի կողային հատվածներում և հետևի մասում սև GTS տարբերանշանները, եզակի առջևի հատվածը, մգացված HD մատրիցային LED լուսարձակները և հետևի լույսերը, ինչպես նաև կարմիր արգելակային հենակներն ապահովում են Panamera GTS-ի միանշանակ ճանաչելի տեսքը: Ստանդարտ Sport փաթեթը ներառում է նաև փայլատ սև գույնով շեշտադրումներ թափքի վրա: Դրանք ընդգրկում են կողային փեշերը, առջևի հատվածի ներդիրները, կողային պատուհանների շրջանակները և հետևի թափարգելը: Սպորտային արտանետման խողովակների գլխադիրները մուգ բրոնզագույն են և ստեղծում են հետաքրքիր կոնտրաստ: Լրացուցիչ շեշտ են ավելացնում 21-դյույմանոց Turbo S կենտրոնական փականով անվասկավառակները, որոնք ներկված են Anthracite Grey գույնով:

Սրահում Porsche-ն առատորեն օգտագործում է Race-Tex զամշանման նյութը: Դրանով են երեսպատված տանիքը, արմնկակալները և դռների պանելները, ինչպես նաև 18 դիրքով կարգավորվող սպոտային նստատեղերի կենտրոնական հատվածները:

Porsche-ն երկու GTS-ի համար առաջարկում է նաև յուրահատուկ սրահի հարդարման փաթեթներ՝ Carmine Red կամ Slate Grey Neo գույներով: Դեկորատիվ կարերը և ամրագոտիներն ընտրված փաթեթի գույնով են: Հասանելի է նաև «Carbon matt» սրահի հարդարման փաթեթը: Panamera GTS-ի ստանդարտ համալրումը ներառում է նաև Bose® ձայնային համակարգը և Sport Chrono փաթեթը՝ վայրկենաչափով ու push-to-pass ֆունկցիայով:

Հասանելիությունը շուկայում և գները

Porsche Panamera Turbo S E-Hybrid-ը և Panamera GTS-ն այժմ հասանելի են պատվերով՝ որպես սպորտային սեդաններ։ Երկու մոդելներն էլ ունեն Panamera-ի երրորդ սերնդի բազմաթիվ նոր առանձնահատկությունները։ Դրանք ներառում են Porsche Driver Experience կառավարման հայեցակարգը, բարձր լուսաչափով և հեռահարությամբ HD մատրիցային LED լուսարձակները, կապի ընդլայնված գործառույթները, ինչպիսիք են՝ Apple CarPlay®-ի ավելի խորը ինտեգրումը, տեսանյութեր հեռարձակելու հնարավորությունը որպես օպցիա հասանելի Passenger Display-ի վրա և սմարթֆոնի հավելվածի միջոցով մեքենան դրսից կայանելու հնարավորությունը։ Panamera Turbo S E-Hybrid-ի Executive երկար անվաբազայով տարբերակն առաջարկվում է՝ կախված շուկայի առանձնահատկություններից. քառագոտի օդորակման ավտոմատ համակարգը (Climat Control) և մեծ կենտրոնական վահանակը ներառված են ստանդարտ համալրման կազմում։ Panamera GTS-ը հասանելի է բացառապես որպես սպորտային սեդան՝ կարճ անվաբազայով։

Գերմանիայում Panamera Turbo S E-Hybrid-ի գները սկսվում են 229,400 եվրոյից, իսկ Panamera Turbo S E-Hybrid Executive-ինը՝ 240,700 եվրոյից՝ ներառյալ ԱԱՀ-ն և երկրին բնորոշ սարքավորումները։ Panamera GTS-ի բազային գինը 165,300 եվրո է։ Գերմանիայում մատակարարումները կսկսվեն 2024 թվականի աշնանը։

Լրացուցիչ տեղեկությունները, ինչպես նաև տեսանյութերը և լուսանկարները, հասանելի են Porsche Newsroom-ում՝ newsroom.porsche.com:

Porsche-ի կողմից առաջարկվող բոլոր նոր տրանսպորտային միջոցներն ունեն հաստատում՝ համաձայն WLTP-ի: 2023 թվականի հունվարի 1-ից WLTP արժեքներից բխող պաշտոնական NEDC արժեքներն այլևս հասանելի չեն նոր տրանսպորտային միջոցների համար և, հետևաբար, չեն կարող տրամադրվել:

Նոր մարդատար ավտոմեքենաների վառելիքի սպառման և CO2 արտանետումների մասին լրացուցիչ տեղեկությունները հասանելի են «Նոր մարդատար ավտոմեքենաների վառելիքի սպառման, CO2 արտանետումների և էներգիայի սպառման ուղեցույցներ» վերնագրով հրապարակման մեջ, որն անվճար հասանելի է բոլոր վաճառքի կետերում և DAT-ում՝ Hellmuth-Hirth-Strasse 1, 73760 Ostfildern: