Երևանի պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերի պահպանության նպատակով քաղաքապետարանը ԿԳՄՍ նախարարության հետ մեկնարկել է նոր գործընթաց՝ սեփականատերերին գտնելու և շենքերը վերականգնելու համար:
Երևանում այսօր անմխիթար վիճակում գտնվող մոտ 30 հուշարձան-շենքերի սեփականատերերը հայտնի չեն կամ էլ նրանց գտնվելու վայրը պարզ չէ, հայտնում է քաղաքապետարանը։
«Քաղաքում կան հուշարձան-շենքեր, որոնք անտերության են մատնված, չեն շահագործվում, կոտրված պատուհաններով են, և այստեղ մենք անելիք ունենք»,-դեռևս նախորդ տարի աշխատանքային խորհրդակցությանը նշել էր Տիգրան Ավինյանը:
Նշվել է, որ սեփականատերերը պարտավոր են պահպանել հուշարձան-շենքերը:
«Հիմնականում դրանք 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի, երևանցիների շրջանում հայտնի սև շենքերն են: Դրանք տարբեր բնույթի խնդիրներ ունեն: Մի մասը անվթարության խնդիր ունեն, մի մասը լքված է, մի մասն էլ ոչ պատշաճ է օգտագործվում: «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի համաձայն սահմանված են հուշարձանների սեփականատերերի պարտականությունները: Այդ պարտավորությունների մեջ է մտնում հուշարձանների պահպանության և անվթարության ապահովումը: Այդ հարցով սկսել ենք քաղաապետարանի հետ համատեղ նախաձեռնություն»,- նշել է ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության հուշարձանների վերականգնման բաժնի պետ Հրանտ Հովսեփյանը:
Բոլոր սեփականատերերին ուղարկվել են ծանուցումներ՝ իրենց ստանձնած պարտավորություննների կատարման մասին: Արձագանքել են մեկ, երկուսը և պատրաստակամություն հայտնել ապահովելու շենքերի պահպանությունը: Որոշ դեպքերում ծանուցումները պարզապես տեղ չեն հասնում. սեփականատերերը, որոնք ֆիզիկական ու իրավաբանական անձինք են, արտերկրում են: Սեփականատերերի կողմից իրենց վրա դրված պարտականությունները չիրականացնելու դեպքում օրենսդրությունը նախատեսում է վարչական տուգանքների կիրառում:
Երևանի քաղաքապետի խորհրդական Սոնա Թևանյանն ասել է, որ քաղաքապետարանը ներկայումս նախաձեռնել է նաև մեկ այլ գործընթաց ՝ «Երևանի տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխությունները։
«Նախատեսվում է ստեղծել այնպիսի նոր իրավական դաշտ, որտեղ հնավոր կլինի համայնքի կողմից միջամտել և իրականացնել շենքերի պահպանությունն այն դեպքերում, երբ դա չանեն սեփականատերերը՝ հաշվի առնելով, որ այդ շենքերը հանդիսանում են ոչ միայն նրանց սեփականությունը, այլև քաղաքի և պետության պատմամշակութային ժառանգությունը: Այնուհետ ակնկալում ենք կրած ծախսերը ստանալ սեփականատերերից: Էապես կավելանան նաև վարչական տույժերը: Դրանք կհասնեն ընդհուպ շատ մեծ չափերի» ,- ասել է Թևանյանը:
Օրենքը նախատեսում է նաև հնարավորություն՝ դատական կարգով սեփականատերերից անտնտեսվար պահվող հուշարձան շենքերի հետվերադարձ։