AM
25 July 2024 - 08:59 AMT

Ամառային զորակոչի ժամկետը երկարաձգվել է մինչև օգոստոսի 15-ը

Ամառային զորակոչի ժամկետը երկարաձգվել է մինչև օգոստոսի 15-ը։ Նման որոշում է կայացվել կառավարության նիստում։

Հիմնավորման մեջ նշվում է, որ վերլուծության արդյունքում պարզվել է, որ հուլիսի 15-ի դրությամբ զորակոչի ենթակա մեծ թվով քաղաքացիներ դեռևս գտնվում են առողջական վիճակի հետազոտությունների մեջ և ամառային զորակոչն անցկացնելու համար կառավարության որոշմամբ սահմանված ժամկետներում հնարավոր չի լինի ավարտել նշված բոլոր քաղաքացիների հետազոտությունները և բժշկական փորձաքննությունը՝ դրանց արդյունքներով որոշելով նաև զորակոչի ենթակա կամ ոչ ենթակա լինելու հանգամանքը:

Ուստի, 2024-ի ամառային զորակոչին ենթակա քաղաքացիներին անհարկի տարկետումներ տրամադրելու կամ նրանց բժշկական փորձաքննությունը ձմեռային զորակոչ տեղափոխելու դեպքերը բացառելու նպատակով, անհրաժետություն է առաջացել զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգել 15 օրով՝ մինչև օգոստոսի 15-ը ներառյալ։

Ամառային զորակոչը հայտարարված է 2024-ի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ և զինված ուժերի համալրումը իրականացվելու է 2024 թվականի հունիսի 24-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ։