Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ասել է, որ մարզում սահմանազատման հետ կապված որևէ գործընթաց դեռ չկա և ինքը տեղեկատվություն չունի, թե երբ է սկսվելու։
Նա հավելել է, որ եթե սահմանզատում սկսվի, ադրբեջանցիները պետք է դուրս գան օկուպացված տարածքներից, գրում է Aysor.am-ը։
«Եթե Գեղարքունիքում սահմանազատման գործընթացները սկսվեն, իրենք (ադրբեջանցիները) 2021–22 թ.Գեղարքունիքի օկուպացված տարածքներից պետք է դուրս գան։ Նախկինում ես այդպես եմ ասել։ Իմ վստահությունը նրանում է, որ սահմանազատումը նշանակում է՝ երկու երկրները ճանաչում են իրենց սահմանները, իսկ այդ դեպքում իրենք հետ են վերադառնալու և մեր օկուպացված տարածքները վերադարձնելու են»,- ասել է մարզպետը լրագրողների հետ զրույցում։
Հուլիսի 1–ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները միմյանց են փոխանցել Կանոնակարգի նախագծերը։ Նշվել է, որ բանակցությունները շարունակվում են կառուցողական հունով։ Ըստ պայմանավորվածության՝ կանոնակարգի համաձայնեցումից հետո պետք է սկսվի ներպետական համաձայնեցման ու հաստատման գործընթացը կողմերի՝ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով և պահանջների համաձայն:
Ապրիլի 19–ի երեկոյան հայտարարվեց, որ Հայաստանը համաձայնել է վերադարձնել Տավուշի հատվածում Ադրբեջանի պահանջած գյուղերը՝ դրա դիմաց չստանալով Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքները, որոնք այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ են։ Իսկ Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածը այս փուլում չի սահմանազատվի, այսինքն՝ կմնա հայկական վերահսկողության տակ։