ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով «Զարյա 3» լուսաձայնային նռնակների կիրառումը հատուկ միջոցների շարքում թույլատրելի դասելու հրամանին, ասել է, որ դրա մեջ ինտրիգներ պետք չէ փնտրել, դա արվել է «ըստ ընթացակարգի»։
«Կառավարության որոշումները, նախարարի հրամանները և մեր կարգավորումները ժամանակ առ ժամանակ փոփոխվում են, որովհետև մեր կյանքն էլ փոփոխվում է»,-ասել է Ավանեսյանը, գրում է Sputnik Արմենիան։
Հունիսի 12-ին արգելված հատուկ միջոցը կիրառելուց 15 օր անց՝ հունիսի 27-ին, ՀՀ առողջապահության նախարարը «Մարդու նկատմամբ գործադրվող հատուկ միջոցների կիրառման համար թույլատրելի չափանիշները հաստատելու մասին» առողջապահության նախարարի N09-Ն հրամանում փոփոխություններ է իրականացրել և «Զարյա 3»-ի կիրառումը ներառել է թույլատրելի հատուկ միջոցների շարքում։
«Հրամաններն ընդունելու որոշակի ընթացակարգ կա. պահպանելով օրենքով սահմանված ընթացակարգը` որոշակի փոփոխություններ ենք իրականացրել։ Չեմ կարծում, թե այստեղ ինտրիգ կա»,- ասել է նախարարը։
Նրա խոսքով` դրա համար հատուկ հիմնավորման կարիք չկա։
Նա ընդգծել է, որ կապ չի տեսնում այդ որոշման փոփոխման և հունիսի 12-ի դեպքերի միջև։
Հունիսի 12-ի երեկոյան Ազգային ժողովի մոտ վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել, ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել։ Վնասվածք է ստացել 101 մարդ, այդ թվում՝ ոստիկաններ։ Ըստ Քննչական կոմիտեի՝ Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում «զանգվածային անկարգություններ կազմակերպելու և իրականացնելու դեպքի առթիվ քրվարույթ է նախաձեռնվել»։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի մոտ տեղի ունեցածը որակել է «հարձակում Ազգային ժողովի, ժողովրդավարության և Հայաստանի ինքնիշխանության, անկախության վրա և անճարության դրսևորում»։
Բագրատ սրբազանը, իր հերթին, ոստիկանական գործողությունները որակել է «ահաբեկչություն» խաղաղ հավաքի մասնակիցների, ինչպես նաև ԱԺ հարևանությամբ գտնվող այգում եղած քաղաքացիների նկատմամբ։