AM
25 July 2024 - 12:11 AMT

ԱԳՆ խոսնակ. Խաղաղության պայմանագրի` ՀՀ-ի պատասխան առաջարկները մշակման փուլում են

Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի Հայաստանի պատասխան առաջարկները մշակման փուլում են: Այս մասին ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը, հայտնում է 1Lurer.am-ը։

«ՀՀ պատասխան առաջարկները մշակման փուլում են՝ սեղմ ժամկետում խաղաղության պայմանագրի կնքման՝ ՀՀ կողմից արդեն իսկ հնչեցված, ներկայացված սկզբունքային առաջարկին համապատասխան»,- ասել է ԱԳՆ խոսնակը:

Առաջարկների 10-րդ փաթեթը ստանալու մասին Երևանը հայտարարել էր մեկ ամիս առաջ։

Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է Բաքվում նոյեմբերին կայանալիք COP 29 կլիմայական գագաթնաժողովին։ Այդ մասին հայտարարել էր Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Նա նաև տեղեկացրել էր, որ նամակ է հղել Հայաստանի արտաքին գործերի նախարարին։ Ավելի վաղ Հաջիևը հայտարարել էր, որ Երևանը և Բաքուն խաղաղության համաձայնագրի հիմնարար սկզբունքների շուրջ կարող են համաձայնության գալ մինչև նոյեմբեր` Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովը:

Ալիևը հայտարարել, է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։ ՀՀ ԱԳՆ–ն, արձագանքելով նրա ելույթին, հայտարարել է, որ ՀՀ սահմանադրությունը և նրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են, և դրա շուրջ դեռևս 2018–ից մեկնարկած ներհայաստանյան քննարկումներին միջամտելու պաշտոնական Բաքվի փորձերը գնահատում է որպես կոպիտ միջամտություն մեր երկրի ներքին գործերին: Միևնույն ժամանակ ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագիրը բավականաչափ հասունացած է ստորագրման համար, և հայկական կողմն արտահայտում է իր պատրաստակամությունը կառուցողական և ինտենսիվ աշխատել՝ «առաջիկա 1 ամսվա ընթացքում այն ամբողջացնելու և ստորագրելու ուղղությամբ»։