AM
25 July 2024 - 15:02 AMT

Լոռու և Տավուշի մարզերում ջրհեղեղի հետևանքները հաղթահարելու համար մարդասիրական օգնություն կցուցաբերվի

Լոռու և Տավուշի մարզերում ջրհեղեղի հետևանքները հաղթահարելու համար մարդասիրական օգնություն կցուցաբերվի: Կառավարությունը հավանություն է տվել «Դրամական միջոցների բարեգործական նվիրատվություն» պայմանագրի ստորագրման առաջարկությանը:

Ֆինանսների նախարարության և Եվրասիական զարգացման բանկի միջև «Դրամական միջոցների բարեգործական նվիրատվության մասին» պայմանագրով նախատեսվում է Բանկի միջոցներից Հայաստանի Հանրապետությանը, ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության, տրամադրել 100 մլն դրամի չափով նվիրատվություն՝ Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևների արդյունքում ՀՀ–ում առաջացած բնական աղետի և դրա հետևանքների հաղթահարման համար մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով:

Մայիսի 26–ի հորդառատ անձրևներից հեղեղումների և Դեբեդ գետի վարարման հետևանքով կա 4 զոհ, որոշ բնակավայրերի հետ կապ չկա։ Տավուշի մարզում փլուզվել է 2 կամուրջ, վնասվել՝ 1-ը, փլուզվել են 3 բնակելի տուն, ջրալցվել՝ 45 տուն, 2 հյուրանոց, 18 հասարակական և այլ նշանակության օբյեկտներ։ Լոռու մարզում Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 31-րդ կմ-ը հեղեղվել է, և մոտ 50 մ երկարությամբ հատվածը փլուզվել է, վնասվել են գետի վրայով անցնող 3 կամուրջներ և տարբեր նշանակության 70 շենք-շինություններ։