Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 25-ին ֆրանսիական կողմի հրավերով աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա։
Նա մասնակցելու է Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի պաշտոնական բացման արարողությանը:
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում` Հայկական բարեգործական ընդհանուր միությանը պատկանող տանը բացվել է «Հայաստանի տունը», հայտնում է Արմենպրեսը։
«Հայաստանի տան» բացմանը ներկա են եղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Հայաստանի օլիմպիական հավաքականի մի շարք անդամներ և պատվիրակության ղեկավար կազմը:
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, հաջողություն մաղթելով Հայաստանի օլիմպիական հավաքականի ներկայացուցիչներին, ասել է. «Հույս ունեմ, որ մինչև ամսի 11-ը, մենք բազմաթիվ հնարավորություններ ենք ունենալու այս տանը պատվելու մեր մարզիկներին: Ուզում եմ հույս հայտնել, որ ամսի 11-ից հետո մենք կխոստանանք 4 նոր դպրոց բացելու մեր օլիմպիականների պատվին: Վերջին տարիներին պետությունը շատ մեծ հանձնառություն է վերցրել առավելագույնս սատարելու մեր մարզիկներին»:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը «Հայաստանի տունը» համարում է հայկականության կենտրոն Փարիզում այս օրերին, երբ ամբողջ սպորտային աշխարհը կենտրոնացած է Ֆրանսիայի մայրաքաղաքում:
«Հայաստանի տան» դեմքը ֆուտբոլի աշխարհի առաջնության չեմպիոն Յուրի Զորկաեֆն է: