AM
26 July 2024 - 07:25 AMT

Թեհրանը հերքել է Իրանի և ՀՀ միջև ռազմական պայմանագրի մասին տեղեկությունը

Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հերքել է Իրանի և Հայաստանի միջև ռազմական պայմանագրի մասին տեղեկությունը։ Այդ մասին հայտնել են Իրանի դեսպանատնից, տեղեկացնում է «Ազատությունը»:

Սոբհանիի համոզմամբ՝ այդ տեղեկատվության աղբյուրը ոչ հավաստի մի լրատվամիջոց է, որը հայտնի է Իրանի մասին միակողմանի վերլուծություններով և ոչ ճիշտ տեղեկություններ տարածելու պատմությամբ:

Նա ընդգծել է, որ այդօրինակ տեղեկություն տարածելու նպատակն է ազդել Իրանի և տարածաշրջանի երկրների միջև բարեկամական հարաբերությունների զարգացման վրա: Հայաստանում Իրանի դեսպանը շեշտել է, որ Թեհրանն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և տնտեսական զարգացման հաստատմանը:

Iran International կայքը նախօրեին տեղեկություն էր տարածել, թե Հայաստանը և Իրանը մոտ 500 միլիոն դոլարի ռազմատեխնիկական գործարք են կնքել: Կայքը պնդել էր, թե այդ գործարքի շրջանակներում Թեհրանը Երևանին է մատակարարելու «Շահեդ 136», «Շահեդ 129», «Շահեդ 197» ԱԹՍ–ներ, օդային պաշտպանության հրթիռային համակարգեր և այլն:

Ադրբեջանական լրատվամիջոցները արդեն 2 օր է ակտիվորեն շրջանառում են այս տեղեկությունը: