Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, անդրադառնալով Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուի Բոնոյի այցին Երևան և պաշտոնյաների հետ նրա հանդիպումներին, նշել է, որ եկել է ժամանակը Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրելու խաղաղության համաձայնագիր։
Նշվում է, որ դա թույլ կտա վերհանել Հարավային Կովկասի ներուժը:
«Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Բոնոն Երևան կատարած այցի ընթացքում հուլիսի 25-ին դեսպան Քրիստինա Քվինի ուղեկցությամբ հանդիպեց ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների՝ քննարկելու Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական ու արժանապատիվ խաղաղության հաստատման ուղղությամբ ջանքերը։
Այժմ եկել է ժամանակը խաղաղության համաձայնագրի, որը թույլ կտա վերհանել Հարավային Կովկասի սոցիալական և տնտեսական ներուժը»,–ասվում է դեսպանատան հայտարարության մեջ։
Հուլիսի 25-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուի Բոնոյի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները անդրադարձ են կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և վերջին զարգացումներին: Նրան քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր։
Ավելի վաղ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցում հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը մեծ առաջընթաց են գրանցել բանակցություններում, սակայն, խաղաղության պայմանագիրը կողմերից «պահանջում է ծանր փոխզիջումներ»: Միլլերը հավելել է, որ ԱՄՆ–ն կշարունակի դրդել կողմերին իրենց տարաձայնությունների վերջնական հանգուցալուծման և համաձայնության հասնելուն։