AM
26 July 2024 - 14:51 AMT

ՆԳՆ․ Մանկապարտեզում երեխային ծեծելու տեսանյութն ուսումնասիրվում է

Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզում մեկում երեխային ծեծի ենթարկելու տեսանյութն ուսումնասիրվում է ոստիկանությունում։ Այդ մասին հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Հուլիսի 26–ին համացանցում տեսագրություն է տարածվում, որում երևում է, թե ինչպես է մանկապարտեզի աշխատակիցը ծեծում երեխաներից մեկին։

«Մինչ այս պահը դեպքի վերաբերյալ ոստիկանությունում հաղորդում չի ստացվել, սակայն տեսանյութն ուսումնասիրվում է»,– ասել է Սարգսյանը։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` թե՛ մանկապարտեզի աշխատակցուհին, թե՛ տուժող կողմը հրավիրվել են ոստիկանություն, այս պահին այնտեղ են։

Դեպքը տեղի է ունեցել Փոքր Վեդու «Զարթոնք» նախադպրոցական հաստատությունում։

Մարդու իրավունքների պաշտպանը, երեխայի լավագույն շահից ելնելով, հորդորում է չտարածել սոցիալական ցանցերում հայտնված՝ Փոքր Վեդիի մանկապարտեզում երեխային ծեծի ենթարկելու տեսանյութը։