Ոստիկանները ձերբակալել են երեխային ծեծի ենթարկած Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզի աշխատակցին: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։
Հուլիսի 26-ին սոցցանցում տեսանյութ էր տարածվել, որում մանկապարտեզի աշխատակիցը ծեծի էր ենթարկում երեխային։
«ՆԳՆ ոստիկանությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզում այս տարվա մայիսին։ ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժին է հրավիրվել մանկապարտեզի տնօրենը, որից ընդունվել է հաղորդում։
Տեսանյութում պատկերված մանկապարտեզի 45-ամյա աշխատակիցը հայտնաբերվել է Վեդիի Թումանյան փողոցում, անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և կազմված փաստաթղթերով ներկայացվել ՔԿ Վեդիի քննչական բաժին»,- ասված է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Մարդու իրավունքների պաշտպանը, երեխայի լավագույն շահից ելնելով, հորդորել է չտարածել սոցիալական ցանցերում հայտնված՝ Փոքր Վեդիի մանկապարտեզում երեխային ծեծի ենթարկելու տեսանյութը։ ԿԳՄՍ նախարարությունն ուսումնասիրման նպատակով համապատասխան մարմիններին է փոխանցել համացանցում շրջանառվող տեսանյութը՝ փոքրահասակ երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ:
Նախարությունը դատապարտել է բռնության ցանկացած դրսևորում և «հետամուտ է լինելու, որպեսզի միջադեպը բացահայտվի և օրենքի շրջանակում ստանա իրավական գնահատական»: