Լեռնագոգ բնակավայրում «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար կառուցվում է 14 առանձնատուն և մանկապարտեզ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը Արմավիր մարզ կատարած այցի շրջանակներում այցելել է նաև Լեռնագոգ բնակավայր։
Ծրագրի ընդհանուր արժեքը 719 մլն դրամ է։
Կառավարության որոշմամբ Արմավիրի մարզպետի աշխատակազմին հատկացվել է 33 մլն դրամ՝ մանկապարտեզը գույքով և տեխնիկայով ապահովելու համար։
Արմավիրի մարզում Փաշինյանը ծանոթացել է 2023–ին իրականացվող և ներկայումս ընթացքի մեջ գտնվող ծրագրերին:
Վարչապետի առաջին կանգառը եղել է Փարաքարում, որտեղ ծանոթացել է Փարաքարի միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքներին, այնուհետև այցելել է ՀՀ ԱՍՀՆ Միասնական սոցիալական ծառայության Վաղարշապատի տարածքային կենտրոն, որի շինարարական աշխատանքներն սկսվել են 2022 թ. փետրվարին և ավարտվել 2023 թ. մարտին:
Էջմիածնում վարչապետին ներկայացվել է թիվ 4 «Ձնծաղիկ» մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքների ընթացքը: Ընդգծվել է, որ ծրագրի ընդհանուր արժեքը 270 մլն դրամ է, որից 189 մլն դրամը հատկացրել է կառավարությունը:
Փաշինյանին ներկայացվել են նաև «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում իրականացված աշխատանքները: Իրականացվել են թանգարանի ներտարածքային հետիոտնային մայթերի սալիկների, արտաքին լուսավորության վերականգնման աշխատանքներ: Ծրագրի արդյունքում Զվարթնոց տաճարի տարածքում գտնվող հնձանները կվերականգնվեն և ապակյա պաշտպանիչ կոնստրուկցիաներ կհավաքվեն:
Վարչապետն այցելել է նաև մարզի այլ բնակավայրեր։
Կառավարության ղեկավարին ներկայացվել է նաև Մ-5, Երևան – Արմավիր – ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 5,62 կմ աջակողմյան և ձախակողմյան հատվածների հիմնանորոգման և ջրահեռացման համակարգի վերականգնման աշխատանքները: Ծրագրի ընդհանուր արժեքը 1 մլրդ դրամ է։
Փաշինյանը ծանոթացել է Մ-5, Երևան – Արմավիր-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 4,7 կմ հատվածի հիմնանորոգման ընթացքին (Սարդարապատի հուշահամալիրից դեպի ՀՀ սահման՝ Վանանդ գյուղի մոտակայք): Ծրագրի ընդհանուր արժեքը 607 մլն դրամ է: