AM
30 July 2024 - 07:47 AMT

Փաշինյանը մեկնել է Իրան՝ Փեզեշքիանի երդմնակալությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 30-ին աշխատանքային այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն:

ՀՀ վարչապետը հանդիպում կունենա Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ:

Հաջորդիվ Փաշինյանը կմասնակցի Իրանի նախագահի երդմնակալության պաշտոնական արարողությանը:

Թեհրանի «Մեհրաբադ» միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Իրանի փոխնախագահ, Բյուջետային կազմակերպության նախագահ, ՀՀ-ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Դավուդ Մանզուրը:

Փեզեշքիանն Իրանի նախագահ է ընտրվել հուլիսի 5–ին կայացած ընտրությունների երկրորդ փուլում՝ հավաքելով ընտրողների ձայների ավելի քան 53 տոկոսը։ Նրա գլխավոր մրցակիցը պահպանողական թևին հարող Սայիդ Ջալիլին ստացել է մոտ 44 տոկոս։ Իրանում արտահերթ նախագահական ընտրություններն անցկացվել են Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ողբերգական մահվան պատճառով՝ նա զոհվել է ավիավթարում՝ Ադրբեջանից վերադառնալիս։

Հուլիսի 28–ին Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին պետք է հավանություն տա Փեզեշքիանի պաշտոնավարմանը։ Նախընտրական շրջանում Փեզեշքիանը խոստացել է վերջ դնել Իրանի «մեկուսացմանը» և կոչ է արել Արևմուտքի հետ կառուցողական բանակցությունների 2015–ի միջուկային գործարքը վերականգնելու համար, որով Իրանը համաձայնվել էր սահմանափակել իր միջուկային ծրագիրը արևմտյան պատժամիջոցների մեղմացման դիմաց։