AM
31 July 2024 - 14:30 AMT

Աբրահամյան․ Թուրքական ջոկատներն ակտիվ մասնակցել են նաև ԼՂ դեմ 2023-ի սեպտեմբերյան հարձակմանը

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը, թե «կմտնեն Իսրայել, ինչպես մտան Ղարաբաղ ու Լիբիա», նշել է, որ թուրքական ջոկատներն ակտիվ մասնակցություն են ունեցել նաև 2023-ի սեպտեմբերյան հարձակման ժամանակ։ Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում։

Նա նաև նշել է, որ 2020 թ.-ի պատերազմից հետո Թուրքիան «Կոմանդո» ջոկատներ էր տեղակայել Շուշիի և Քաշաթաղի հատվածներում, որոնք, այսպես կոչված, արագ արձագանքման գործառույթներ ունեին

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Էրդողանի` Արցախ ներխուժելու հետ կապված թեման ակտիվ դիսկուրսի առիթ դարձավ, ևս մի քանի դիտարկում:

Թուրքիան ոչ միայն ուղիղ ներգրավածություն ուներ 44-օրյա պատերազմին, այլ հետագայում ռազմական ներկայություն ապահովեց Արցախի օկուպացված շրջաններում:

Արտաքուստ Թուրքիայի առկայությունը ներկայացվում էր Աղդամում տեղակայված ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնով, սակայն դա թուրքական զորքերի ներկայության ֆորմալ հատվածն էր:

2020 թ.-ի պատերազմից հետո Թուրքիան «Կոմանդո» ջոկատներ էր տեղակայել Շուշիի և Քաշաթաղի հատվածներում, որոնք, այսպես կոչված, արագ արձագանքման գործառույթներ ունեին:

Թուրքական ջոկատներն ակտիվ մասնակցություն են ունեցել նաև 2023 թ.-ի սեպտեմբերյան հարձակման ժամանակ, ավելին` հրադադարի պայմանավորվածությունից հետո փորձ են արել ներխուժել Ստեփանակերտ քաղաք, սակայն մեծ կորուստներ կրելով հետ են քաշվել:

Ընդ որում դրանք գործել են ո´չ թե Ադրբեջանի զինուժի հրամանատարության, այլ ուղիղ Թուրքիայի գլխավոր շտաբի հրամաններով, ավելին նշածս դեպքով պայմանավորված, դեռ այդ օրերին որոշակի խմորումներ են եղել Թուրքիայի և Ադրբեջանի միջև ու թեման վերջնական հարթվել է 2 երկրների ղեկավարների հեռախոսազրույցից հետո»,–ասվում է գրառման մեջ։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է, որ կարող են մտնել Իսրայել, ինչպես ժամանակին մտան Լեռնային Ղարաբաղ ու Լիբիա։ Այդ հայտարարությունը դժկամություն է առաջացրել Բաքվում։ Այդ երկրի պաշտպանության նախարարությունը պնդել է, թե Թուրքիան ու Պակիստանը միայն քաղաքական աջակցություն են ցուցաբերել Ադրբեջանին։