Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության ներկայացուցիչները հայկական կողմի պահպանությանն են հանձնեել «Զվարթնոց» օդային անցակետի պետական սահմանը։
Արձանագրությունը ստորագրել են Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար Էդգար Հունանյանը և ՀՀ-ում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ Ռոման Գոլուբիցկին, հայտնում է Sputnik Արմենիան։
Ռուսական կողմը հայտարարել է, որ Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչությունը պաշտոնապես դադարեցնում է «Զվարթնոց» օդային անցակետում ՀՀ պետական սահմանի պահպանության ապահովման գործառույթը: Դրա հիմքը հայկական կողմի` 2024թ. մարտի 1-ի թիվ 5/894 կ դիմումն է՝ «Զվարթնոց» օդային անցակետի սահմանային հսկողությունը 2024թ․ օգոստոսի 1-ից ամբողջությամբ հայկական կողմի վերահսկողությանն անցնելու մասին։
Հայաստանում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Մաքսիմ Սելեզնյովը ՌԴ սահմանապահների հրաժեշտի արարողության ժամանակ հիշեցրել է, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հսկիչ-անցակետում գրեթե 60 տարի հերթապահություն են իրականացրել սկզբում խորհրդային, ապա ռուս և հայ սահմանապահները:
Սելեզնյովը նշել է, որ ՌԴ սահմանապահներն այս բոլոր տարիներին արժանապատվորեն ներկայացրել են Ռուսաստանն ու սահմանապահ ծառայությունը։
Հայկական կողմը նշել է, որ ՌԴ գործընկերներն անգնահատելի օգնություն են ցուցաբերել, այդ թվում՝ ՌԴ և ՀՀ ուսումնական կառույցներում հայկական կադրերի և մասնագետների պատրաստման գործում:
ՌԴ սահմանապահները «Զվարթնոցում» տեղակայվել են Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև ՀՀ տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի և դրանց գործունեության պայմանների մասին 1992 թ. սեպտեմբերի 30-ի պայմանագրի 8-րդ հոդվածի համաձայն՝ ի շահ ՀՀ սահմանապահ զորքերի հետևողական ձևավորման: