Հայկական Կարմիր խաչի գրասենյակի մամուլի բաժնի ղեկավար Արթուր Հովհաննեսյանը հայտարարել է, որ անծանոթ աղբյուրներ Հայկական Կարմիր խաչի ընկերության անունից զանգահարում են տարբեր մարդկանց` օգնության տրամադրման կեղծ նպատակով հավաքագրելով անձնական և բանկային տվյալներ։
«Հարգելի՛ քաղաքացիներ, հատկապես Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցներ, մեր ստացած տեղեկատվության համաձայն, անծանոթ աղբյուրներ Հայկական Կարմիր խաչի ընկերության անունից զանգահարում են տարբեր մարդկանց և օգնության տրամադրման կեղծ նպատակով հավաքագրում են անձնական և բանկային տվյալներ։ Հաքերային հարձակումներից պաշտպանվելու համար խնդրում ենք զերծ մնալ անծանոթներին անձնական և բանկային տվյալներ տրամադրելուց։
Հայկական Կարմիր խաչի ընկերությունն իր շահառուների հետ հեռախոսազանգերի միջոցով անձնական և բանկային տվյալներ երբեք չի քննարկում։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Հայկական Կարմիր Խաչի ընկերության թեժ գծի հեռախոսահամարին՝ 81 84»,-ասվում է հայտարարության մեջ: