Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատել է, որ Երևանի քաղաքապետարանի կողմից տնկիների գնման գործընթացի հետ կապված ստուգողական գործողություններ են իրականացվել։ Այս մասին փոխանցել են կոմիտեից, հայտնում է Factor.am-ը։
Խոսքը Երևանում «կենսունակությունը կորցրած ծառերի փոխարինման» ծրագրով տնկիների գնման գործընթացի մասին է, որը հանրային լայն քննարկման առիթ էր դարձել։ Բնապահպանները քննադատում էին հաստաբուն ծառերի հատումը և փոխարինումը սակուրաներով ու այլ էկզոտիկ ծառատեսակների տնկիներով։ Factor.am-ը պարզել էր, որ տնկիները քաղաքապետարանը ձեռք է բերել էլեկտրոնային աճուրդի միջոցով հենց «Բերրի Վորլդ»-ից, ուր օրերս այցելել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Աճուրդին, բացի հաղթող ճանաչված ընկերությունից, ևս երեք իրավաբանական անձ է մասնակցել՝ LA IMPORT ՍՊԸ-ն, «Արմեն Մստոյան» ԱՁ-ն և «Շինարար Արգո» ՍՊԸ-ն։ Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ այս երեք ընկերությունները նախ աստղաբաշխական գներ են առաջարկել, բայց կեսից դադարեցրել մասնակցությունը մրցույթին։
Այս գործընթացը հայտնվել է նաև Հակակոռուպցիոն կոմիտեի ուշադրության կենտրոնում։ Կոմիտե են հրավիրվել աճուրդին մասնակցած ընկերությունների ներկայացուցիչները, Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները։ Գործընթացի շրջանակներում ՀՈԱԿ-ից փաստաթղթեր է պահանջել իրավապահ կառույցը։
ՀԿԿ-ից օգոստոսի 7–ին առանց մասնավորեցնելու հաստատել են նաև առնչվող անձանց կոմիտե հրավիրելու, ինչպես նաև փաստաթղթեր պահանջելու տեղեկությունները։
«ՀՈԱԿ-ից փաստաթղթեր են պահանջվել ստուգողական գործողությունների շրջանակներում»,-ասել են կառույցից՝ միաժամանակ նշելով, որ ստուգողական գործողություններից հետո անհրաժեշտ հիմքեր չեն հայտնաբերվել քրեական վարույթ նախաձեռնելու համար։
Երևանում թեղիների հատումից հետո տնկվող ծառերի մատակարար «Բերրի Վորլդ» ՍՊԸ-ն Երևանի քաղաքապետարանի հետ յոթ պայմանագիր է կնքել, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 198 մլն 632 հազար դրամ։ Պետական գնումների համակարգի ուսումնասիրությունից Factor TV-ն պարզել է, որ այս բազմամիլիոնանոց գործարքների մեծ մասն իրականացվել է 2023 թվականին։ Միայն 82 մլն դրամ արժեցող պայմանագիր է կնքվել այս տարի։ Նույն աղբյուրի համաձայն՝ քաղաքապետարանը ծառայությունները ձեռք է բերել էլեկտրոնային աճուրդի միջոցով։
Factor TV-ի ուսումնասիրության ընթացքում պարզել էր նաև, որ վերջին տարիների մի քանի աճուրդներում հաղթող ճանաչված ընկերության սեփականատեր Դավիթ Աբովյանը նախկինում համագործակցել է Տիգրան Ավինյանի հոր՝ Արմեն Ավինյանի հետ։ Տիգրան Ավինյանն այս թեմայով Factor.am-ի հարցին պատասխանելով նշել էր, որ կոռուպցիոն ռիսկ չի տեսնում։ Իսկ ահա հակակոռուպցիոն ոլորտի փորձագետ Վարուժան Հոկտանյանը մանրակրկիտ ուսումնասիրության անհրաժեշտություն է տեսնում։