Դերասան ու թատերագիր Վահե Բերբերյանը կներկայացնի իր նոր հայալեզու ներկայացումը Գլենդեյլում: Մայիսի 21-ից մինչեւ օգոստոսի 13-ը յուրաքանչյուր երեքշաբթի Brandview Collection-ում Բերբերյանը ցույց կտա «Սակայն« մոնոներկայացումը, հաղորդում է vaheberberian.com պաշտոնական կայքը:
«Ճշմարիտ է «Լռութունը ոսկի է» արտահայտությունը, սակայն ես չեմ սիրում ոսկի եւ լռությանը գերադասում եմ ծիծաղը: Ինձ համար մենախոսությունն արդեն իսկ լավագույն միջոցն է իմ մեջ ապրող դերասանին ու գրողին արտահայտելու համար: Իմ նոր աշխատանքը հումորով ողողված մտքեր են հայկական բնավորության գծերի եւ ընդհանուր առմամբ հայերի համար»,-ասել է Վահեն իր վերջին աշխատանքի մասին:
Նախորդ «Եվ այլն», «Նաեւ» եւ «Տակավին» մոնոներկայացումները Բերբերյանը ներկայացրել է ԱՄՆ-ում, Կանադայում, Հայաստանում, Եվրոպայում, Մերձավոր Արեւելքում եւ Ավստրալիայում: «Տակավինի» ստեղծումից հետո, «Սակայն» բեմականացումը թատերագրի առաջին աշխատանքն է վերջին հինգ տարում: