AM
8 August 2024 - 10:48 AMT

ԿԽՄԿ-ն արձագանքել է Բաքվի բանտում Արցախի ղեկավարների առողջության վատթարացման լուրերին

Մամուլում տեղեկություններ են տարածվել, թե Բաքվի բանտերում պահվող ԼՂ նախկին պաշտոնյաների առողջական վիճակը կտրուկ վատացել է։ Կարմի խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին փոխանցել է, որ Բաքվում պահվող հայերի տեսակցության բովանդակության հետ կապված որևէ բան ԿԽՄԿ-ն հանրային հարթակում մեկնաբանել չի կարող, տեղեկացնում է Factor.am-ը։

Վերջին անգամ ԿԽՄԿ ներկայացուցիչները Բաքվում պահվող հայերին, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին, այցելել են հուլիսին։

«Մեր պատվիրակների տեսակցությունների շրջանակում յուրաքանչյուր անձի հնարավորություն է տրվում կապ հաստատել իրենց հարազատների հետ։ Սա ստանդարտ աշխատանքների շրջանակում կատարվող աշխատանքն է, պարբերաբար մենք դա անում ենք»,-ավելացրել է Ամատունին:

Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի, Արցախ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի ե Լեոն Մնացականյանի ապօրինի կալանքի ժամկետը։ Նրանք բոլորը ձերբակալվել են 2023-ի սեպտեմբերի վերջին՝ Արցախից ՀՀ անցնելու ժամանակ, երբ ԱՀ-ն հայաթափվեց Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով։