AM
9 August 2024 - 12:59 AMT

Երևանում կանցկացվի «Գարեջրի օրեր» փառատոնը

Երևանում օգոստոսի 23-ին կմեկնարկի «Գարեջրի օրեր» փառատոնը։ Երեք օր տևող փառատոնը համախմբելու է տեղական գարեջուր արտադրողներին ու գարեջրի սիրահարներին։

Երևանի Զաքյան-Գրիգոր Լուսավորիչ փողոցների հատվածում ներկայացվելու է Հայաստանի գարեջրագործական մշակույթը, այցելուները ծանոթանալու են տեղական արտադրանքին ու վայելելու են գարեջրի բազմազան տեսականին, հայտնում է Արմենպրեսը։

«ԷվենտՏուրա» ընկերության նախագծերի կառավարիչ Լիլիթ Ծառուկյանն ասուլիսում նշել է, որ արդեն 3-րդ տարին անցկացվող փառատոնն այս անգամ առանձնանալու է հագեցած ծրագրով։

«Մեր կազմակերպության նպատակն է զարգացնել փառատոնային տուրիզմը և ահա այդ համատեքստում էլ անցկացնում ենք «Գարեջրի օրերը»։ Այս փառատոնի շրջանակում մենք փորձում ենք վերհանել հայկական գարեջրագործության ավանդույթները, ներկայացնել շուկայում առկա նորույթները։ Ասեմ, որ տեղական արտադրողները բազմազան տեսականի են ներկայացնում»,-նշել է Ծառուկյանը։

«ԷվենտՏուրա» ընկերության նախագծերի կառավարիչ Մարիաննա Վարդանյանը նշել է, որ այս տարին առանձնանալու է բազմատեսակ ժամանցային ծրագրերով։ Միջոցառումը բաժանված է մի քանի գոտիների՝ սննդի, խմիչքի և ինտերակտիվ խաղերի։

«Խմիչքի գոտում ներկայացված է լինելու փառատոնի զարդը՝ գարեջուրը։ Խմիչքի հետ մեկտեղ այցելուները կհամտեսեն գարեջրի հետ համադրվող խորտիկները, հնարավորություն կունենան մասնակցել խաղերին և շահել տարատեսակ նվերներ, ինչպես նաև կվայելեն գարեջուրը հատուկ նախատեսված հանգստի գոտում»,-ասել է Վարդանյանը։

«ԷվենտՏուրա» ընկերության նախագծերի համակարգող Լիլի Հովսեփյանը նշել է, որ խաղերի 11 տաղավար է առանձնացվելու։ Խաղերի բովանդակությունը համապատասխան է լինելու գարեջրի թեմատիկային։

Այցեքարտ դարձած զբոսաշրջային փառատոնները ներառվում են տուրիստական կազմակերպությունների կողմից առաջարկվող փաթեթներում։ Միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսներում ևս շեշտադրվում է Հայաստանի փառատոնային տուրիզմը։