AM
9 August 2024 - 13:01 AMT

Գյումրու «Երեխաների տանը» 2–ամյա երեխա է մահացել․ Սոցապը պարզաբանում է տարածել

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարզաբանում է տարածել Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում 2–ամյա երեխայի մահվան դեպքի առնչությամբ։

Նշվում է, որ երեխան պետության խնամքին տեղափոխվել է 2022 թվականի օգոստոսի 12-ին՝ անմիջապես ծննդատնից, 2 օրական, բնածին առողջական ծանր խնդիրներով (առողջական խնդիրները մանրամասնորեն չեն նշվում՝ հաշվի առնելով, որ տեղեկությունը պարունակում է բժշկական գաղտնիք և հրապարակման ենթակա չէ)։

«Պետության խնամքի հաստատություններում ապրում են նաև առողջական ծանր խնդիրներով երեխաներ, և ցավոք, կան հիվանդություններ, որոնք կյանքի հետ հաճախ անհամատեղելի են։ 2024 թվականի օգոստոսի 2-ին՝ մինչ երեխայի մահը, հաստատության հերթապահ բժշկի և բուժքրոջ կողմից կատարվել են վերակենդանացման միջոցառումներ, կանչվել է շտապ բուժօգնություն։ Վերակենդանացման միջոցառումները եղել են ապարդյուն, երեխայի մոտ գրանցվել է մահ։ Դեպքի մասին խնամքի հաստատությունն անմիջապես հաղորդել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գյումրիի Մուշի բաժնի հերթապահ մաս»,- ասված է նախարարության պարզաբանման մեջ։