AM
28 August 2024 - 09:19 AMT

Փաշինյան․ Ակադեմքաղաքի մաստեր-պլանը պատրաստ է՝ կարևոր է բոլոր մանրամասներով իմանալ` ինչ ենք անում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Ակադեմիական քաղաքի մաստեր-պլանը պատրաստ է:

Նա նշել է, որ մոտ 44 հազար դասախոս, գիտնական և ուսանող Հայաստանից և արտերկրից, 8 պետական և 8 միջազգային/մասնավոր բուհ կտեղավորվեն 580 հեկտար տարածքի վրա, որտեղ կներդրվեն ժամանակակից կանաչ տեխնոլոգիաներ:

«Գիտակրթական այս հոյակապ միջավայրը կլինի նաև ինտելեկտուալ ժամանցի և մարզական կյանքի հանրապետական կենտրոն:

Ակադեմիական քաղաքի նախագծի մանրամասները առաջիկայում ամենատարբեր առիթներով և ձեւաչափերով ներկայացնելու առիթներ կունենանք:

Մեզ համար կարևոր է, որ բոլոր մանրամասներով իմանաք ինչ ենք անում, ինչու և ինչպես: Շնորհակալություն աջակցության համար»,–գրել է նա։

Հուլիսին Մատենադարանում ներկայացվել է8 Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգի վերջնական տարբերակը, որը լրամշակվել է՝ հաշվի առնելով մասնագիտական կառույցների առաջարկություններն ու դիտողությունները: Ենթադրվում է, որ Ակադեմիական քաղաքը նպաստելու է «ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով» սահմանված մի շարք կարևորագույն թիրախների ապահովմանը, մասնավորապես նախատեսվում է միջազգային վարկանիշային աղյուսակների լավագույն 500-ի մեջ ունենալ առնվազն չորս բուհ, կրկնապատկել օտարերկրյա ուսանողների թիվը և այլն:

Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը պաշտոնապես կհաստատվի հաջորդ տարվա վերջին, որից հետո կմեկնարկի արդեն իրականացման փուլը: Առաջին փուլում ակադեմիական քաղաքում կտեղակայվեն հանրային նշանակության կառույցները՝ մարզադաշտը, համերգասրահը, հանրային գրադարանը և այլն: Նախատեսվում է, որ ակադեմիական քաղաքում առաջին կառույցը շահագործման կհանձնվի 2029 թվականին: