AM
28 August 2024 - 10:01 AMT

4.6 մլրդ դրամ բյուջեից՝ «Կյանքի պուրակի» շինարարությանը․ Այն կունենա արհեստական լճակ, ճեմուղի ու հեծանվուղի

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակի» շինարարության ընթացքին, որի համար պետական բյուջեից 4.6 մլրդ դրամ է հատկացվել:

Արցախյան ազատամարտերում զոհված հերոսների հիշատակին նվիրված «Կյանքի պուրակը» կզբաղեցնի Երևանի բուսաբանական այգու մոտ 50 հա-ն։ Անխնամ ու ամայի տարածքը նոր՝ կյանքի շարունակականության, վերածննդի ու ապրեցնող խորհուրդ կստանա:

Նախագիծ դարձած գաղափարը տպավորիչ է չափերով ու կարևորությամբ, հայտնում է քաղաքապետարանը։

Պուրակը կունենա արհեստական լճակ, կվերանորոգվեն կասկադային աստիճանահարթակները, կկառուցվի ճեմուղի ու հեծանվուղի:

Անցկացվում է ոռոգման նոր համակարգ, կառուցվում պոմպակայան, որոնք հնարավորություն կտան ապահովել ոչ միայն «Կյանքի պուրակի», այլև ամբողջ այգու բուսականության խնամքը: Կարդիականացվի նաև արտաքին լուսավորությունը:

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ծրագրին, նշել էր, որ «Կյանքի պուրակի» նպատակը կյանքի գնահատումն է, արցախյան բոլոր պատերազմների նահատակների ներկայության խորհրդանշումը, և ճարտարապետական լուծումներն ամբողջությամբ պետք է բխեն հենց այս տրամաբանությունից: Փաշինյանն ասել էր, որ բուն պուրակի տարածքում առևտրային որևէ գործունեություն պետք է բացառվի: