Եվրոպական դատարանը վճիռ է հրապարակել Հրաչյա Հարությունյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով (№15028/16)), որի համաձայն Հայաստանը խախտել է Դիմողի արտահայտվելու ազատության իրավունքը, և, որ պետք է դիմողին հատուցի 4 500 եվրո բարոյական վնասի և 2000 եվրո դատական ներկայացուցչության ծախսերը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Արտակ Զեյնալյանը:
«Գործը վերաբերում է «ԻՆՏԵՌ ՌԱՕ ԵԷՍ» ԲԲ ընկերությունում 2002–2011թթ միլիոնավոր դոլարների հասնող հնարավոր չարաշահումների և կոռուպցիայի վերաբերյալ «ազդարարմանը» (դիմողն այդ տարիներին աշխատել էր ընկերության անվտանգության համակարգում և անընդմեջ զեկուցել այդ մասին): Դիմողը այդ ընկերության հատուկ բացված էլեկտրոնային հասցեին ոչ հրապարակային ձևով (կոռուպցիայի և չարաշահումների վերաբերյալ տեղեկություններ ներկայացնելու նպատակով) 26.03.2012թ ներկայացրել էր իր բացահայտումները և խնդրել էր հետաքննել դրանք, սակայն հայաստանյան դատարանները նրան զրպարտության և վիրավորանքի համար պատասխանատվության էին ենթարկել՝ Ընկերության պաշտոնատար անձի հայցի հիման վրա: Հայաստանյան դատարանները պարտավորեցնել էին Դիմողից, հօգուտ` հայցվորի, բռնագանձել՝ 2,400,000․00 ՀՀ դրամ գումար, որը կատարվել էր Դիմողի անձնական օգտագործման ավտոմեքենան և Գյումրիի կենտրոնում գտնվող մեկ սենյականոց բնակարանը հարկադիր կերպով վաճառքից ստացված միջոցների հաշվին:
․․․ՄԻԵԴ-ն վճռով Հայաստանի Կառավարությանը և Դիմողին կոչ է արել նյութական վնասի չափի շուրջ բանակցել և հաշտության համաձայնություն կնքել:
Ուշագրավ է, որ այս և ՄԻԵԴ նմանատիպ բազում գործերով Հայաստանի Կառավարությունն ամբողջ եռանդով պայքարում է գործը «տանուլ չտալու» համար, այն դեպքում, որ ներպետական, վարչական ռեսուրսները կարելի էր(է) ուղղել միջազգային դատական ատյաններում Հայաստանի միջպետական գանգատները պաշտպանելուն, մեր դեմ ներկայացրած գանգատներից՝ պաշտպանվելուն»,–ասվում է գրառման մեջ։