Արտահանող բեռնատարաների վարորդները բողոքի ակցիա են իրականացնում Չարբախում։ Նրանք հավասար մրցակցության պայմաններ են պահանջում, բողոքում են, որ «Սպայկա» ընկերությունը փորձում է, ոլորտում մենաշնորհ հաստատելով, դուրս մղել անհատ վարորդներին։
Նրանք նշել են, որ «Սպայկան» սկսել է արտոնյալ պայմաններով գործակցել արտերկրի բեռանփոխադրողների հետ, հայտնում է «Փաստինֆոն»։
«Վարկով մեքենա ենք առել, որ ընտանիք պահենք, բայց «Սպայկան» է քանդում ոլորտը, չի թողնում, որ ոչ մի մասնավոր վարորդ աշխատի՝ առանց իր թույլտվության, հիմա էլ սկսել է համագործակցել արտերկրի բեռնափոխադրման կազմակերպություններ հետ՝ մեզ շուկայից դուրս մղելու համար»,–ասել է ակցիայի մասնակիցը։
Ցուցարարների պնդմամբ, օրենսդրական կարգավորումների բացակայության և «Սպայկայի» մենաշնորհ հաստատելու պատճառով 800 անհատ վարորդ կանգնել է հացի խնդրի առջև։
«Սպայկան» հարկային արտանություն է ստանում, այլ երկրների բեռնափոխադրողները հարկ չեն տալիս, բայց պետությունը մեզ քամում է»,-նշում էին բողոքի դուրս եկած քաղաքացիները։
Նրանք պահանջում են հավասար մրցակցության պայմաններ հաստատել և օրենսդրական կարգավորումներ նախաձեռնել՝ ոլորտը կանոնակարգելու համար։